Ինչու են ԱՄՆ-ի գերհարուստները տներ գնում և քանդում
ԱՄՆ-ում միլիարդատերերի շրջանում տարածում է ստանում անսովոր մի միտում․ նրանք առանձնատներ են գնում և անմիջապես քանդում։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, նման վարքագծի հիմնական պատճառը շքեղ թաղամասերում, հատկապես օվկիանոսի ափին, ազատ հողատարածքների սուր պակասն է։
Պարբերականն ընդգծում է, որ գերհարուստ գնորդների համար արժեքավոր է ոչ այնքան շենքի ճարտարապետությունը, որքան հենց հողատարածքը։ Ազատված տարածքում նրանք այնուհետև կառուցում են ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր բնակելի տներ։
«Այն տունը, որը նախկինում թանկարժեք անշարժ գույք գնելու հիմնական շարժառիթն էր, այժմ գրեթե կորցրել է իր նշանակությունը․ գնորդները մրցակցում են առաջին հերթին շահավետ դիրք ունեցող հողատարածքների համար՝ օվկիանոսի ափին կամ լեռան գագաթին», – նշվում է հրապարակման մեջ։
Վառ օրինակներից մեկը միլիարդատեր Ուիլյամ Լոդերն է։ 2023 թվականի մարտին նա 155 մլն դոլարով ձեռք է բերել մահացած ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոյի ծովափնյա կալվածքը, իսկ արդեն հուլիսին այն ամբողջությամբ քանդել է։
Մինչ այդ Լոդերն արդեն քանդել էր երկու տուն Փալմ Բիչում գտնվող մեկ այլ՝ շուրջ 1.2 հեկտար տարածքով հողամասում։ Սկզբում նա մտադիր էր այնտեղ կառուցել իր անձնական առանձնատունը, սակայն ի վերջո դատարկ հողատարածքը վաճառել է գրեթե 200 մլն դոլարով։
Անշարժ գույքի գնահատող Ջոնաթան Միլլերը նշում է, որ հողի թանկացմանը զուգահեռ նման գործարքներն ավելի հաճախակի են դառնում։
Այս ֆոնին անշարժ գույքի գործակալները սկսել են առանձնատները ներկայացնել որպես քանդման ենթակա օբյեկտներ։ Նրանք նույնիսկ արհեստական բանականություն են օգտագործում՝ գնորդներին ցույց տալու համար, թե ինչ տեսք կունենան հողատարածքներն առանց շինությունների։ WSJ-ի հաղորդմամբ՝ «քանդում» բառից խուսափելու համար կիրառվում են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսին է «հարմարվողական վերօգտագործումը»։
Միտումը տարածվում է նաև այլ նահանգներում։ Redfin բրոքերային ընկերության տվյալներով՝ անշարժ գույքի վաճառքի հայտարարություններում ավելի հաճախ են հանդիպում ապագա քանդման մասին ակնարկներ։ Հյուսթոնի Բանկեր Հիլ Վիլիջ թաղամասում նման առաջարկները կազմում են ընդհանուրի ավելի քան 15%-ը, իսկ Վիրջինիայի Փիմիթ Հիլզ շրջանում՝ 6.67%-ը։
Մայամիի անշարժ գույքի գործակալ Դինա Գոլդենտայերը բացատրում է, որ հաճախորդներին այլևս չեն տպավորում ավելի քան տասը տարի առաջ կառուցված տները, ինչի հետևանքով նույնիսկ նորակառույցների քանդումը սովորական երևույթ է դարձել։
Այսպես, մանրածախ առևտրի ոլորտի նախկին ղեկավարներ Ջեյմի Դուլիկը և Քրիստին Սքոթը 2020 թվականին 3.7 մլն դոլար են վճարել Ֆլորիդայի Դեսթին քաղաքի մերձակայքում՝ ծովի ափին գտնվող տունը քանդելու համար։ Հինգ տարի շարունակ նրանք դրա տեղում ժամանակակից բնակելի տուն են կառուցել, սակայն հետագայում այն կրկին վաճառքի են հանել՝ որպես քանդման ենթակա օբյեկտ, քանի որ պատրաստի շինության համար գնորդ չի գտնվել։
