Volvo Cars-ը երրորդ եռամսյակում կրճատել է հասույթը 23%-ով և զուտ վնաս կրել
Շվեդական Volvo Car Group (Volvo Cars) ավտոարտադրողը 2026 թվականի երրորդ եռամսյակում զուտ վնաս է կրել՝ հասույթի 23% անկման ֆոնին, ինչի հետևանքով ընկերության բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են։
Հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընկերության զուտ վնասը կազմել է 5.7 մլրդ շվեդական կրոն (573 մլն դոլար), մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն ստացել էր 4.5 մլրդ կրոնի շահույթ։
Ճշգրտված գործառնական վնասը կազմել է 3.7 մլրդ կրոն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5.8 մլրդ կրոնի շահույթի դիմաց։
Հասույթը 2025 թվականի երրորդ եռամսյակի 86.4 մլրդ կրոնից նվազել է մինչև 66.9 մլրդ կրոն։
Ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 11%-ով՝ կազմելով 141.3 հազար միավոր։
«Երրորդ եռամսյակը հիասթափեցնող էր, իսկ ընթացիկ տարին շատ ավելի բարդ է եղել, քան ի սկզբանե ենթադրվում էր։ Հետևաբար, ճգնաժամից դուրս գալու մեր ներկայիս ծրագիրը պահանջում է լրացուցիչ վճռական միջոցառումներ», – նշել է Volvo Cars-ի գլխավոր գործադիր տնօրեն Հոկան Սամուելսոնը։
Ընկերությունը հայտարարել է, որ ծախսերի կրճատման միջոցառումների շրջանակում նախատեսում է կրճատել 2.5 հազար աշխատակից, այդ թվում՝ 2 հազարը՝ Շվեդիայում։ Volvo Cars-ը մտադիր է մինչև 2027 թվականի վերջը լրացուցիչ 5 մլրդ կրոնով նվազեցնել իր ծախսերը։
Հոկտեմբերի սկզբին Volvo Cars-ը հետ էր կանչել ամբողջ տարվա ֆինանսական կանխատեսումը և որոշել ժամանակավորապես դադարեցնել կարճաժամկետ կանխատեսումների հրապարակումը՝ շուկայական անորոշության աճի պատճառով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

