Աշխարհի կենսաթոշակային հիմնադրամները բախվել են բնակչության ծերացման հետևանքով առաջացած ճգնաժամի
Աշխարհի կենսաթոշակային հիմնադրամները բախվել են ժողովրդագրական լայնածավալ ճգնաժամի՝ կյանքի տևողության աճի և ծնելիության անկման պատճառով, հաղորդում է CNBC-ն։ Աշխատող քաղաքացիների թվի կրճատումն ու կենսաթոշակառուների թվի աճը վտանգի տակ են դնում հիմնադրամների՝ ապագայում կենսաթոշակային վճարումներն ապահովելու կարողությունը՝ ստիպելով դրանց վերանայել ներդրումային ռազմավարությունները։
Marsh CFA Institute Global Pension Index-ի զեկույցի համաձայն՝ ուսումնասիրված 55 կենսաթոշակային համակարգերից 43-ում ծնելիության մակարդակն իջել է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակից ցածր։ Միևնույն ժամանակ, զարգացած տարածաշրջաններում 65 տարեկանից հետո կյանքի սպասվող տևողությունը 1950 թվականից ի վեր աճել է 50.9%-ով։
Կենսաթոշակային կառավարման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Սեբաստյեն Բետերմյեն ստեղծված իրավիճակն անվանել է «հետաձգված գործողության ռումբ»՝ նշելով, որ հիմնադրամները ստիպված են լինում կատարել լրացուցիչ պարտավորություններ։ Ֆինանսական միջոցների պակասը փոխհատուցելու համար կառավարիչներն ավելի հաճախ են ներդրումներ կատարում ավելի ռիսկային ակտիվներում, ինչպիսիք են բաժնետոմսերը և մասնավոր վարկավորումը։
Կենսաթոշակային համակարգերի վրա ճնշումն արդեն նկատելի է ԱՄՆ-ում, որտեղ ծերության ապահովագրության նպատակային հիմնադրամը կարող է սպառել իր պահուստները 2032 թվականի չորրորդ եռամսյակում։
Ավստրալիայում հիմնադրամների շուրջ մեկ երրորդը գրանցել է դրամական հոսքերի բացասական հաշվեկշիռ, երբ վճարումները գերազանցել են ստացված մուծումները։
Փորձագետներն ընդգծում են, որ պետական մարմինները ստիպված կլինեն խնդրի լուծման նոր ուղիներ փնտրել, այդ թվում՝ փոփոխություններ կատարել ներգաղթի քաղաքականության մեջ և ներդնել տեխնոլոգիական նորարարություններ։
Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ արևմտյան երկրներում բնակչության ծերացումը և աշխատուժի կրճատումը լուրջ ճնշում կգործադրեն պետական ֆինանսների վրա։ Moody’s-ի փորձագետները կանխատեսել են, որ Եվրոպայում բնակչության թվաքանակը ժողովրդագրական գագաթնակետին կհասնի արդեն 2029 թվականին, որից հետո կսկսվի քաղաքացիների թվի երկարաժամկետ նվազումը։
Ներկայումս G7-ի երկրներում 65 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձին բաժին է ընկնում աշխատունակ տարիքի շուրջ երեք քաղաքացի, սակայն մինչև 2050 թվականը այդ հարաբերակցությունը կնվազի՝ հասնելով երկուսի։
