Իլոն Մասկը Starlink-ը Ուկրաինայի բանակի հիմքն է անվանել
Իլոն Մասկը X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Starlink արբանյակային կապի համակարգի անջատումը կհանգեցնի ուկրաինական ճակատի անհապաղ փլուզմանը։
«Starlink-ը շարունակում է վճռորոշ նշանակություն ունենալ Ուկրաինայի պաշտպանության համար։ Եթե Starlink-ն անջատվի, ուկրաինական ռազմաճակատի գիծն անմիջապես կփլուզվի», – գրել է Մասկը X-ում։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իր խոսքերը չպետք է ընկալել որպես նախազգուշացում այն մասին, թե մտադիր է դադարեցնել ուկրաինացի զինվորականներին կապի ծառայությունների մատուցումը։
«Սա սպառնալիք չէ, այլ պարզապես փաստի արձանագրում», – հավելել է նա։
Մասկը նաև կտրուկ քննադատության է ենթարկել նրանց, ովքեր, իր կարծիքով, հանդես են գալիս Ուկրաինայում հակամարտությունն անվերջ շարունակելու օգտին՝ միաժամանակ չառաջարկելով դրա կարգավորման իրատեսական ուղիներ։ Այս մասին նա գրել է X-ում։
«Ես միայն լիակատար արհամարհանք եմ տածում կեղծավոր, չարամիտ պատերազմ հրահրողների նկատմամբ, որոնք հանդես են գալիս անվերջ սպանդի օգտին՝ առանց հակամարտության որևէ իրատեսական լուծում առաջարկելու։ Այրվե՛ք դժոխքում», – հայտարարել է Մասկը։
