Իլոն Մասկը չի պատրաստվում«մեռնող» տեխնոլոգիաներ գնել
Իլոն Մասկը հայտարարել է, որ SpaceX-ը մտադիր չէ գնել նեոամպային ծառայություններ մատուցող ընկերություններ։ Ավիատիեզերական կորպորացիայի ղեկավարը նման գործարքներն անիմաստ է անվանել X սոցիալական ցանցում իր գրառման մեջ։
Հայտարարության առիթը վենչուրային ներդրող Չամաթ Պալիհապիթիայի գրառումն էր։ Նա գրել էր, որ նեոամպային ծառայություններ մատուցող ընկերություններն անկազմակերպ են և թերֆինանսավորված։ Մասկն արձագանքել է այդ գնահատականին և պարզաբանել, որ պարտքային շուկաները դժկամությամբ են վարկավորում այն ընկերություններին, որոնց եկամուտները գրեթե ամբողջությամբ կախված են արհեստական բանականության տվյալների կենտրոններից։
Նեոամպային ծառայություններ մատուցող ընկերությունները ամպային ծառայությունների նոր սերունդ են, որոնք հաշվարկային հզորություններ են տրամադրում հատուկ արհեստական բանականության խնդիրների լուծման համար։
Միլիարդատերը նաև հայտնել է, որ SpaceX-ն ավարտել է 40 միլիարդ դոլարի պարտքային ֆինանսավորման ներգրավման գործարքը։ Միջոցները կուղղվեն նեյրոնային ցանցերի ուսուցման և աշխատանքի համար անհրաժեշտ գրաֆիկական պրոցեսորների ձեռքբերմանը։ Մասկն ընդգծել է, որ ընկերությունն ունի ներդրումային վարկանիշ, ինչպես նաև կայուն եկամուտներ է ստանում Starlink արբանյակային ինտերնետ ծառայությունից և տիեզերական արձակումներից։
«SpaceX-ը նեոամպային ընկերություններ չի գնի։ Դա անիմաստ է», – պատասխանել է գործարարը այն հրապարակմանը, որտեղ պնդում կար, թե Մասկը փորձում է փլուզել այդ ընկերությունների բաժնետոմսերի գները, որպեսզի հետագայում դրանք էժան գնի։
SpaceX-ը զարգացնում է տվյալների մշակման սեփական կենտրոնները և ինքնուրույն վաճառում հաշվարկային հզորությունները։ Այսպիսով, Մասկի ընկերությունը ուղղակիորեն մրցակցում է այն ծառայություններ մատուցողների հետ, որոնք նմանատիպ ռեսուրսները վարձակալությամբ տրամադրում են տեխնոլոգիական ընկերություններին։
Մասկի հայտարարություններից հետո նեոամպային ծառայություններ մատուցող Nebius (NBIS), CoreWeave (CRWV) և Iren (IREN) ընկերությունների բաժնետոմսերը ԱՄՆ-ում նախաբորսայական առևտրի մեկնարկին նվազել են ավելի քան 4%-ով։ Ավելի ուշ անկման մի մասը հաջողվել է փոխհատուցել։
Ավելի վաղ CNBC-ն հայտնել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում արհեստական բանականության համար ամպային ծառայություններ մատուցող ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ էժանացել են։ CoreWeave-ի և Nebius-ի բաժնետոմսերը կորցրել են իրենց արժեքի ավելի քան 30%-ը, իսկ Iren-ինը՝ 40%-ը։ Վաճառքների ալիքը սկսվել է հոկտեմբերի սկզբին։
Ներդրողներին անհանգստացնում էր այն հանգամանքը, որ ընկերությունները խոշոր վարկեր են ներգրավում՝ Nvidia-ի թանկարժեք չիպեր գնելու, տվյալների կենտրոններ կառուցելու և հետագայում հաշվարկային հզորությունները տեխնոլոգիական ընկերություններին վարձակալությամբ տրամադրելու համար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

