SpaceX-ն Nvidia-ից չիպեր գնելու համար 40 մլրդ դոլարի համաձայնագիր է կնքել
Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Apollo Global Management ներդրումային ընկերության հետ, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերության փաստաթղթերին։
Համաձայնագրի գումարը կազմում է շուրջ 40 մլրդ դոլար։ Ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ չիպերի գնման ֆինանսավորմանը։
Գործակալության տվյալներով՝ համաձայնագիրը լիզինգային բնույթ ունի։ Ստացված միջոցները կուղղվեն Nvidia-ի գրաֆիկական պրոցեսորների ձեռքբերմանը։ Գործարքի ավարտը նախատեսվում է մինչև 2026 թվականի վերջը, իսկ լիզինգային պայմանագրերը կսկսեն գործել 2027 թվականի առաջին կեսին։
Ֆինանսավորման հաստատուն տոկոսադրույքն այս պահին սահմանված չէ։ Բացի այդ, ընկերությունում հայտարարել են, որ արհեստական բանականության ոլորտում իրենց ներդրումների հետգնման ժամկետը մեկ տարուց պակաս է։
Bloomberg-ի տեղեկություններով՝ համաձայնագիրը կնքվել է այն պայմաններում, երբ ներդրողների մտահոգությունն աճում է արհեստական բանականության զարգացման համար ընկերությունների կատարած զգալի ծախսերի և դրանց համեմատաբար սահմանափակ եկամտաբերության շուրջ։
Վերջին շաբաթներին SpaceX-ի պարտքային պարտավորությունների արժեքը նվազել է, իսկ ընկերության պարտքի ապահովագրման արժեքը՝ դեֆոլտի ռիսկից պաշտպանվելու համար, հասել է ռեկորդային մակարդակի։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

