Կենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում
Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում իրականությանը և ներկայացվում են որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիազորագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր: Նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։ Կից՝ նմանատիպ կեղծ փաստաթղթերի օրինակներ:
Տեղեկացնում ենք, որ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդների սպասարկման գործընթացում, որպես կանոն, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրերի կամ տեղեկանքների կիրառման անհրաժեշտություն չեն ունենում: Ուստի, եթե ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու ընթացքում Ձեզ ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրեր կամ տեղեկանքներ, կամ հղում է կատարվում նման փաստաթղթերի, հորդորում ենք ստուգել դրանց իսկությունը՝ կապ հաստատելով ՀՀ կենտրոնական բանկի հետ (հեռ.՝ +374 10 592 592 (երկուշաբթիից ուրբաթ, 9։00-ից 18։00), էլ. հասցե՝ [email protected])։
