ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հիմնական տոկոսադրույքը թողել է 3.75-4% միջակայքում
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) պահպանել է դաշնային ֆոնդերի տոկոսադրույքը տարեկան 3.75-4% միջակայքում։
Որոշումը համընկել է վերլուծաբանների և տնտեսագետների սպասումների հետ։
Բաց շուկայի գործառնությունների դաշնային կոմիտեի (FOMC) 12 անդամներից 10-ը քվեարկել են տոկոսադրույքն անփոփոխ թողնելու օգտին։ Քլիվլենդի Դաշնային պահուստային բանկի (FRB) նախագահ Բեթ Համաքը և ԴՊՀ-ի կառավարիչների խորհրդի անդամ Լիզա Կուկը հանդես են եկել տոկոսադրույքը 25 տոկոսային կետով բարձրացնելու օգտին։
«Տնտեսական ակտիվությունն աճում է բարձր տեմպերով: Անորոշությունը շարունակում է բարձր մնալ, ինչը մասամբ պայմանավորված է աշխարհաքաղաքական իրադարձություններով, սակայն ներքին ծախսերը կայունություն են ցուցաբերում։ Աշխատանքի արտադրողականությունն աճում է լավ տեմպերով, իսկ կապիտալ ներդրումները շարունակում են բարձր մնալ», – ասվում է FOMC-ի հայտարարության մեջ, – «Զբաղվածության աճը համապատասխանում է աշխատուժի թվաքանակի ավելացման տեմպերին, իսկ գործազրկության մակարդակը գրեթե չի փոխվել»։
Ըստ կոմիտեի՝ գնաճը շարունակում է բարձր մնալ։ Լրացուցիչ տեղեկատվության ստացումը կօգնի FOMC-ին որոշել դրամավարկային քաղաքականության այն ուղղությունը, որն անհրաժեշտ է գնաճը ժամանակին 2% նպատակային ցուցանիշին վերադարձնելու համար։
