Intel-ի հասույթը երրորդ եռամսյակում աճել է 21%-ով, սակայն չի արդարացրել շուկայի սպասումները
Համակարգչային բաղադրիչների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը՝ ամերիկյան Intel Corp.-ը, երրորդ եռամսյակում կրճատել է զուտ շահույթը՝ միաժամանակ ավելացնելով հասույթը։ Ընկերության ճշգրտված շահույթը գերազանցել է շուկայի կանխատեսումները, սակայն հասույթը սպասվածից ցածր է եղել։
Չորրորդ եռամսյակի համար Intel-ի ներկայացրած կանխատեսումները հիասթափեցրել են ներդրողներին, ինչի հետևանքով ընկերության բաժնետոմսերը հինգշաբթի արտահերթ առևտրային նստաշրջանի ընթացքում կտրուկ էժանացել են։
Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ հուլիս-սեպտեմբերին Intel-ի զուտ շահույթը կազմել է 3.3 մլրդ դոլար կամ 0.6 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.1 մլրդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 0.9 դոլարի դիմաց։
Միանգամյա գործոնների ազդեցությունը բացառող ճշգրտված շահույթը կազմել է 0.52 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով։
Ընկերության հասույթն աճել է 21%-ով՝ նախորդ տարվա 13.65 մլրդ դոլարից հասնելով 16.51 մլրդ դոլարի։
FactSet-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 0.41 դոլարի ճշգրտված շահույթ մեկ բաժնետոմսի հաշվով և 16.56 մլրդ դոլարի հասույթ։
Տվյալների կենտրոնների և արհեստական բանականության (ԱԲ) հատվածում հասույթը տարեկան կտրվածքով աճել է 78%-ով՝ հասնելով 7.3 մլրդ դոլարի։ Միաժամանակ անհատական համակարգիչների հատվածում հասույթը նվազել է 5%-ով՝ կազմելով 8,1 մլրդ դոլար։
Չորրորդ եռամսյակում Intel-ն ակնկալում է 15–16 մլրդ դոլարի հասույթ և 0.25 դոլարի ճշգրտված շահույթ մեկ բաժնետոմսի հաշվով։ Մինչդեռ վերլուծաբանների համախմբված կանխատեսմամբ՝ ընկերության հասույթը պետք է կազմի 17.07 մլրդ դոլար, իսկ ճշգրտված շահույթը՝ 0.43 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով։
Ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո արտահերթ առևտրային նստաշրջանում Intel-ի բաժնետոմսերի գինը նվազել է 16%-ով։
Տարեսկզբից ընկերության շուկայական կապիտալիզացիան աճել է 2.5 անգամ՝ հասնելով 505 մլրդ դոլարի։
