Starbucks-ի տարեկան զուտ շահույթը կրճատվել է երկու անգամ
Աշխարհի խոշորագույն սրճարանային ցանցերից մեկի՝ Starbucks-ի զուտ շահույթը ֆինանսական տարվա արդյունքներով նախորդ տարվա համեմատ կրճատվել է երկու անգամ՝ կազմելով 2.527 մլրդ դոլար։ Այս մասին նշվում է ընկերության ֆինանսական հաշվետվությունում։
Միաժամանակ ընկերության հասույթը աճել է 2%-ով՝ հասնելով 37.911 մլրդ դոլարի, իսկ մեկ բաժնետոմսի հաշվով նոսրացված շահույթը նախորդ տարվա 1.63 դոլարից բարձրացել է մինչև 2.21 դոլար։
Չորրորդ եռամսյակում Starbucks-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է հինգ անգամ՝ հասնելով 677.2 մլն դոլարի։ Մեկ բաժնետոմսի հաշվով նոսրացված շահույթը կազմել է 0.59 դոլար՝ նախորդ տարվա 0.12 դոլարի դիմաց։ Ճշգրտված շահույթը հասել է 0.80 դոլարի մեկ բաժնետոմսի հաշվով՝ գերազանցելով վերլուծաբանների 0.71 դոլարի կանխատեսումը։
Այդուհանդերձ, եռամսյակային հասույթը նվազել է 4.5%-ով՝ կազմելով 9.141 մլրդ դոլար, մինչդեռ շուկան ակնկալում էր 9.22 մլրդ դոլար։
Հաշվետու եռամսյակում Starbucks-ը բացել է 303 նոր սրճարան՝ ցանցի ընդհանուր թիվը հասցնելով 41 607-ի։ Դրանց շուրջ 40%-ը գործում է ԱՄՆ-ում։
Ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո Starbucks-ի բաժնետոմսերը ԱՄՆ բորսաների հետառևտրային նստաշրջանում էժանացել են գրեթե 2%-ով։
Ընկերությունը շարունակում է բիզնեսի վերականգնման ծրագիրը՝ գլխավոր տնօրեն Բրայան Նիկոլի ղեկավարությամբ։ Այն նախատեսում է սպասարկման որակի բարելավում, պատվերների սպասման ժամանակի կրճատում, ճաշացանկի թարմացում և սրճարանների աշխատանքի արդյունավետության բարձրացում։
Starbucks-ը նաև վերանայում է ծախսերը և փակում ոչ շահութաբեր մասնաճյուղերի մի մասը։
Ընկերության համար հիմնական մարտահրավերներից են սրճարանների շուկայում ուժեղ մրցակցությունը և սպառողական ծախսերի փոփոխությունը։ Չնայած տարեկան հասույթի աճին՝ շահույթի կրճատումը ցույց է տալիս, որ Starbucks-ի ֆինանսական վերականգնումը դեռևս ուղեկցվում է զգալի ծախսերով։
