Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցի «Լույս» հիմնադրամի հետ
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը և «Լույս» հիմնադրամի գործառնությունների ղեկավար Գայանե Ղումաշյանը:
Ժաքլին Կարաասլանյանը նախարարին համառոտ ծանոթացրել է «Լույս» հիմնադրամի գործունեությանը` ներկայացնելով ընթացիկ աշխատանքը, ուսանողների կողմից իրականացրած և արդեն իսկ հաջողված ծրագրերը, այդ թվում և Հայաստանի մարզերում, առավել հետաքրքիր նախաձեռնություններն ու նախագծերը: Նա նշել է, որ հիմնադրամը հինգ տարեկան է և հասցրել է բարի համբավ ձեռք բերել Հայաստանում և նրա սահմաններից դուրս իր ուսանողների հաղթանակների, ստեղծագործ գաղափարների շնորհիվ:
Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ «Լույս»-ի կրթաթոշակներ ստացած և աշխարհի լավագույն բուհերում ուսում ստացած ուսանողների 30%-ը որպես կանոն շարունակում է ուսումը ասպիրանտուրայում, 10%-ն աշխատում է աշխարհի խոշոր ընկերությունների համար, իսկ 60%-ը ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Հայաստան` գիտելիքներն այստեղ ներդնելու ցանկությամբ:
Տիկին Կարաասլանյանը ներկայացրել է «Լույս» հիմնադրամի «Լիվինգ արտ. զարգացող տնտեսություն» նախագիծը, որը նախատեսվում է իրականացնել Գյումրիում, և առաջարկել է նախարարին Էկոնոմիկայի նախարարության հետ միասին ձեռնամուխ լինել ծրագրի իրագործմանը:
Վարհրամ Ավանեսյանը ողջունել է համագործակցության վերաբերյալ տիկին Կարաասլանյանի առաջարկը` նշելով, որ նախարարությունը պատրաստ է ուսումնասիրել և քննարկել բորոր հետաքրքիր գործնական առաջարկությունները գործարար ծրագրերի տեսքով: Նախարարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել` օգտագործելով հիմնադրամի ներուժը նախարարության իրավասության տարբեր ճյուղերում և Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում:
Էկոնոմիկայի նախարարը հանձնարարել է հանդիպմանը ներկա գտնվող նորանշանակ փոխնախարար Սերգեյ Ավետիսյանին աշխատել «Լույս» հիմնադրամի ղեկավարության հետ և ներկայացնել հնարավոր համագործակցության շրջանակները: