Anthropic-ի բորսայական դեբյուտը չվերակենդանացրեց արհեստական բանականության շուկան
Արհեստական բանականության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Anthropic-ի բաժնետոմսերը IPO-ից հետո հաջորդ օրը բորսայական առևտուրը փակել են 88.91 դոլար գնով, ինչը հինգշաբթի օրվա համեմատ 8.5%-ով ցածր է և ընդամենը փոքր-ինչ բարձր է տեղաբաշխման գնից՝ 83 դոլարից։ Մեքենայական ուսուցման մոդելներ մշակող առաջին խոշոր ընկերության՝ ֆոնդային բորսա մուտքը ներդրողները դիտարկել էին որպես ոլորտի նկատմամբ հետաքրքրության վերականգնման հնարավոր ազդանշան։ Սակայն տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսերի անկումը շարունակվել է, և աղմկահարույց IPO-ն չի կարողացել կանգնեցնել վաճառքի ալիքը, հաղորդում է Reuters-ը։
Ներդրողները կասկածի տակ են դնում ոչ այնքան Anthropic-ի, որքան ամբողջ ոլորտի հեռանկարները։ Նրանք շարունակում են հավատալ արհեստական բանականության ներուժին, սակայն ավելի խիստ են գնահատում ընկերություններին և պատրաստ չեն գերավճարել ապագա աճի ակնկալիքների համար։ Մտահոգություններն ուժեղացել են արհեստական բանականության զարգացմանն ուղղվող հսկայական ծախսերի պատճառով. ներդրումները դեռևս բավարար արագությամբ չեն ապահովում համապատասխան եկամուտներ։ Լրացուցիչ անհանգստություն են առաջացնում տվյալների մշակման կենտրոնների կառուցման քաղաքական խոչընդոտները և Nvidia-ի խնդիրները։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Nvidia-ի բաժնետոմսերը էժանացել են շուրջ 14%-ով, Meta-ինը՝ գրեթե 6%-ով, Amazon-ինը՝ 4%-ով, իսկ Microsoft-ինը՝ 3%-ով։ Չիպեր արտադրող ընկերություններից AMD-ի բաժնետոմսերը կորցրել են շուրջ 13%, Marvell Technology-ինը՝ 12%, Intel-ինը՝ 8%։ Արհեստական բանականության ոլորտի բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկի հաջորդ փորձությունը կարող է դառնալ OpenAI-ի IPO-ն. ընկերությունը չէր բացառել հաջորդ տարի ֆոնդային բորսա դուրս գալու հնարավորությունը։ Արհեստական բանականության և ենթակառուցվածքների ոլորտի մի շարք այլ աղմկահարույց տեղաբաշխումներ հետաձգվել են մինչև 2027 թվական։
Առաջիկա շաբաթներին Anthropic-ի բաժնետոմսերի գնանշումներին կարող են աջակցել ինդեքսային ֆոնդերը։ Լոնդոնյան Intropic ընկերության գնահատմամբ՝ մինչև տարեվերջ դրանք կարող են ձեռք բերել Anthropic-ի բաժնետոմսերի մինչև 30%-ը։ Այնուամենայնիվ, սկզբնական մեծ հետաքրքրությունից հետո բաժնետոմսերի գները, հավանաբար, կշարունակեն տատանվել. ընկերության շուկայական գնահատականը շուրջ 40 անգամ գերազանցում է վերջին 12 ամիսների հասույթը։ IPO-ի կազմակերպիչներից մեկը՝ Morgan Stanley-ն, փակել է այն դիրքը, որի միջոցով պետք է ապահովեր բաժնետոմսերի գնանշումների կայունացումը բորսայական դեբյուտից հետո։ Այսպիսով, աջակցության հնարավոր աղբյուրներից մեկն այլևս չկա։
Հաշվի առնելով նաև այն բաժնետոմսերը, որոնք դեռ կարող են թողարկվել, Anthropic-ի գնահատված արժեքը կազմում է շուրջ 1.6 տրիլիոն դոլար, իսկ արդեն թողարկված բաժնետոմսերի հիման վրա հաշվարկված շուկայական կապիտալիզացիան՝ 1.2 տրիլիոն դոլար։ US Bank Asset Management-ում խորհուրդ են տալիս չշտապել բաժնետոմսերի ձեռքբերման հարցում և ընկերությանը գնահատել ֆինանսական հաշվետվությունների հրապարակմանը զուգընթաց։
IPO-ի կազմակերպիչներն օգտվել են լրացուցիչ բաժնետոմսեր ձեռք բերելու օպցիոնից, ինչի շնորհիվ Anthropic-ի ներգրաված միջոցների ընդհանուր ծավալը հասել է 93.5 մլրդ դոլարի։ Սա գերազանցում է SpaceX-ի արդյունքը՝ 85.7 մլրդ դոլար, և IPO-ների պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Ներդրողները հիշեցնում են, որ հունիսին բորսայական դեբյուտից հետո SpaceX-ի բաժնետոմսերի գները կտրուկ տատանվել են, իսկ ընկերության արժեթղթերը կորցրել են արժեքի գրեթե 8%-ը։ Բրոքեր Ռոբ Հաքելի կարծիքով՝ պարտադիր չէ Anthropic-ի բաժնետոմսերը գնել հենց առաջին օրը, քանի որ սկզբնական մեծ հետաքրքրությանը կարող են հաջորդել գների կտրուկ տատանումները։
Առևտրի առաջին օրը մասնավոր ներդրողները Anthropic-ի բաժնետոմսերով իրականացրել են շուրջ 772 մլն դոլարի գործարքներ։ Սա IPO-ի օրը գրանցված առևտրի ամենամեծ ծավալն է՝ 2012 թվականից ի վեր, երբ Vanda Research-ը սկսել է նման վիճակագրություն վարել։ Այս շաբաթ նախատեսվում է սկսել նաև այս բաժնետոմսերի օպցիոններով առևտուրը, ինչը կարող է մեծացնել գնային տատանումները։ Վերլուծաբաններից մեկի կարծիքով՝ ներկայումս շուկայական իրավիճակը Anthropic-ի համար անբարենպաստ է։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

