Nvidia-ն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ ընկերությունների եռյակից
Ամերիկյան չիպեր արտադրող Nvidia-ն դուրս է մնացել շուկայական արժեքով աշխարհի երեք խոշորագույն ընկերությունների ցանկից։ Նրա տեղը զբաղեցրել է Alphabet հոլդինգը, որը կառավարում է Google-ը։ Այս տվյալները հրապարակել է CompaniesMarketCap ծառայությունը։
Ներկայում Nvidia-ն զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ 3.031 տրլն դոլար շուկայական կապիտալիզացիայով։ Վարկանիշը շարունակում է գլխավորել Apple-ը՝ 4.978 տրլն դոլար ցուցանիշով։ Երկրորդ տեղում Microsoft-ն է՝ 3.598 տրլն դոլար կապիտալիզացիայով, իսկ երրորդում՝ Alphabet-ը՝ 3.245 տրլն դոլարով։
Լավագույն հնգյակը եզրափակում է Amazon-ը, որի շուկայական արժեքը գնահատվում է 2.668 տրլն դոլար։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, Forbes-ը հայտնել էր, որ Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի կարողությունը մեկ օրվա ընթացքում նվազել է շուրջ 7.4 մլրդ դոլարով՝ հասնելով 154.7 մլրդ դոլարի։ Պարբերականի տվյալներով՝ Nvidia-ի բաժնետոմսերը նվազել էին 5.5%-ով՝ Հուանգի և մի կնոջ հարաբերությունների հանգամանքների շուրջ հետաքննության ֆոնին։ ԱՄՆ իշխանությունները կասկածում են, որ այդ կինը լրտեսություն է իրականացրել հօգուտ Չինաստանի։ Արդյունքում գործարարը Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում ութերորդ տեղից իջել է տասներորդ։
Իսկ նոյեմբերի 7-ին The New York Times թերթը գրել էր, որ Հուանգը Nvidia-ի տնօրենների խորհրդին խոստովանել է ինտիմ կապի մասին մի կնոջ հետ, որին ամերիկյան հետախուզությունը կասկածում է Պեկինի օգտին տեղեկություններ հավաքելու մեջ։ Պարբերականի տվյալներով՝ խոսքը Էլիս Հուանգի մասին է, որը ղեկավարել է մի ընկերություն, որին մեղադրել են առաջադեմ չիպերի մաքսանենգության մեջ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

