Փետրվարի 22-ին կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և Բրիտանական խորհուրդը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Նշենք, որ փառատոնն այս տարի նվիրվում է մեր հասարակությունում առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին։
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին ժամը 16.00-ին Մոսկվա կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով:
Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը: Քրիսթին Բարդսլին իր այցելության ընթացքում կհանդիպի ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ։
«Մշակութային ծրագրերը մշտապես գտնվում են «ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության կենտրոնում. աջակցելով այս ծրագրի իրականացմանն՝ համոզված եմ, որ մենք հնարավորություն կունենանք ներդնել մեր լուման ներառական և հաղորդակցության խնդիրների լուծման գործում՝ դարձնելով կյանքն ավելի լավ։ Ավելին, կհայտնաբերենք երիտասարդ նոր անուններ, ովքեր իրենց տաղանդով և ժամանակակից հայացքներով նոր շունչ կհաղորդեն հայ կինոարվեստին և հայկական մշակույթին»,-ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի միջոց է բրիտանական կինոարվեստը ներկայացնելու հայ հանդիսատեսին, բացահայտելու որոտի վերջին զարգացումները և ստեղծելու կապեր հայ և բրիտանական կինոարտադրողների միջև: Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը սպասված իրադարձություն է դարձել, ինչը ոգևորիչ է և ուրախալի»,– ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Նշենք, որ փառատոնի շրջանակում կցուցադրվի ինը ֆիլմ մայրաքաղաքում և մարզերում։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 22-ից մարտի 5-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում: Փետրվարի 28-ին ողջ օրը Սինեմա Սթար կինոթատրոնի սրահներից մեկում կցուցադրվեն փառատոնի ֆիլմերը: Մարտի 5-ին նախատեսվում է հատուկ ծրագիր Նաիրի կինոթատրոնում։ Գորիսում, Գյումրիում և Գավառում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Փառատոնի շրջանակում կանցկավի արդեն ավանդական դարձած գրախոսականի մրցույթը, որի գլխավոր մրցանակակիրը կարժանան iPad Air-ի։
Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։
Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ՝ այցելելով www.britishcouncil.am կայք։
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հ2 հեռուստաընկերությունը, Դար 21, Լայմ, Երկիր Մեդիա, Շողակաթ հեռուստաընկերությունները, Սիվիլնեթը, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, FM 105.5, ArmRadio FM 107-ը և Bravo.am, imyerevan.com, emporium.am: