Ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը
Երևանի ավագանին ձայների 36 կողմ, 4 դեմ և 16 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 63,667,925.2 հազ. դրամ՝ ծրագրված (ճշտված) 64,925,341.5 հազ. դրամի նկատմամբ։ Բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 2012 թվականի փաստացի ցուցանիշից ավել են 6,420,228.9 հազ. դրամով կամ 11.2%-ով։ 2013 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 17,755,950.9 հազ. դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 17,003,946.6 հազ. դրամ, ինչն էլ 2012 թվականի համապատասխան ցուցանիշից ավել է 919,487.1 հազ. դրամով կամ 5.7%-ով։ Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 62,161,662.3 հազ. դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 95.0%-ը։ Ընդ որում, 2013 թվականի ծախսերի ծավալը ավել է 2012 թվականի փաստացի կատարողականից 3,075,959.8 հազ. դրամով։