ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՓՈԹԵԿԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից մշակված հայեցակարգի` ՀՀ-ում մոտ մեկ ամսից ստեղծվելու է Հիփոթեքային Ընկերություն` հիփոթեքային երկրորդային շուկայի օպերատոր: Նախագծման համար հիմք է ընդունվել այդ ինստիտուտների ստեղծման միջազգային լավագույն փորձը:
Հիփոթեքային Ընկերությունը ստեղծվելու է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի հիման վրա` որպես վարկային կազմակերպություն: Ընկերության նախնական հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը, որը կներդնի 5 մլրդ դրամ, ապա Հիփոթեքային ընկերության կապիտալում ներդրում կարող են իրականացնել ՀՀ Կառավարությունը, ֆինանսական ինստիտուտները (բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային ընկերություններ) և միջազգային հեղինակավոր ներդրողները, որոնց մասնակցությամբ նախատեսվում է տարեվերջին հիմնադրամի կապիտալն ավելացնել մի քանի անգամ:
Հայաստանի Հանրապետությունում Հիփոթեքային Ընկերության` հիփոթեքային երկրորդային շուկայի օպերատորի հիմնադրմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նպատակ են հետապնդում ստեղծել արդյունավետ ֆինանսական ենթակառուցվածք բնակարանային ապահովվածության խնդիրների լուծման համար: Վերջինս արժեթղթերի թողարկման միջոցով ձևավորելու է երկարաժամկետ փողեր, որոնք ուղղվելու են հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը: Արդյունքում կբարելավվեն հիփոթեքային վարկավորման պայմանները` բարձրացնելով հիփոթեքային վարկերի մատչելիությունը` տոկոսադրույքների իջեցման և վարկերի ժամկետների երկարացման հաշվին:
Հիփոթեքային ընկերությունը, բացի վերոնշյալ` մասնավոր հատվածի վերաֆինանսավորումից, իրականացնելու է նաև սոցիալական բնակարանային ապահովվածության ծրագրերի վերաֆինանսավորում: