Հայաստանի բանկերում աճել են ժամկետանց վարկերը
Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 26,2 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.41%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա վերջի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկերի համախառն ծավալի 6.08%-ը կամ 112,82 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված դասակարգված վարկերի կառուցվածքում ևս գերակշռել են կարճաժամկետ վարկերը:
Հուլիս ամսվա վերջի դրությամբ բանկերում վարկերի համախառն ծավալը կազմել է 1856,8 մլրդ ՀՀ դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել էին 21,3 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.20%-ը, իսկ երկարաձգված վարկերը՝ համապատասխանաբար 96,52 մլրդ ՀՀ դրամ և 5.43%:
2013 թվականի ընթացքում բանկերը գրանցել էին ինչպես ժամկետանց, այնպես էլ երկարաձգված վարկերի ծավալի աճ, որին նպաստել էր նաև մայիս ամսին տեղի ունեցած կարկտահարությունը: