2014-ին մեծահարուստների ընդհանուր կարողությունն ավելացել է 92 մլրդ դոլարով
Bloomberg-ի փոխանցմամբ` աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը 2014-ին ավելացել է 92 մլրդ դոլարով: Ամերիկյան գործակալության գնահատականով` մոլորակի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունն, ընդհանուր առմամբ, հասել է 4,1 տրլն դոլարի: Նրանցից առավել հաջողակներից են եղել չինական առցանց ռիթեյլերի` Alibaba-ի հիմնադիր և տնօրենների նախագահ Ջեք Ման, Dalian Wanda Group ներդրումային ընկերությունը տնօրինող Վան Ցզյանլինը, ինչպես նաև Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի ղեկավար, հայտնի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը:
Անցնող տարում Ասիայի ամենահարուստ մարդը համարվող Ջեք Մանին հաջողվել է սեփական կապիտալն ավելացնել 25,1 մլրդ դոլարով, Բաֆեթին` 13,7 մլրդ դոլարով (այն բանից հետո, երբ Berkshire Hathaway-ի բաժետոմսերը թանկացան 28%-ով), իսկ Վան Ցզյանլինին`12,8 մլրդ դոլարով: Վերջինիս ընկերությանը պատկանող ակտիվների ծավալն, ընդհանուր առմամբ, ավելացել է մինչև 25,3 մլրդ դոլար: