Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մասնագետները ֆինանսիստներն ու բանկիրներն են
Ֆինանսիստներն ու բանկիրները Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մասնագետներն են: Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մեր երկրի ֆինանսական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 373,6 հազար ՀՀ դրամ, ընդ որում` ֆինանսական ոլորտի պետական հատվածում աշխատողների աշխատավարձն ավելի բարձր է, քան մասնավոր հատվածում աշխատողներինը:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ֆինանսական ոլորտի պետական հատվածի աշխատակիցների անվանական միջին աշխատավարձը կազմում է 675,1 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածի աշխատակիցներինը՝ 355,5 հազար ՀՀ դրամ:
Աշխատավարձի բարձր ցուցանիշով երկրորդ տեղում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտն է (328,1 հազար ՀՀ դրամ), երրորդ տեղում՝ տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները (300,5 հազար ՀՀ դրամ):