ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվել ՀՀ կառավարության ներկայացրած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ օրենքով հաստատված ցանկում ընդգրկված են միայն մեկ տեսակի ավիայուղ եւ ավիավառելիք, որոնք նախատեսված են հին մակնիշների օդանավերի համար: Ներկայումս հանրապետության շուկա են ներկրվում ավիավառելիքի եւ ավիայուղի բազմաթիվ տեսակներ, որոնք անհրաժեշտ են միջազգային չվերթեր իրականացնող` եվրոպական եւ այլ երկրների արտադրության օդանավերի լիցքավորման համար:
Հաշվի առնելով, որ ավիայուղի եւ ավիավառելիքի տեսականին հաճախակի փոփոխվում է, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություն` դրանց տեսակները օրենքում չամրագրելու մասով:
ԱԺ մի խումբ պատգամավորների հեղինակած «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը մինչեւ 15 օրով հետաձգվել է եւ հնարավորություն է տրվել կառավարությանը` կանոնակարգով նախատեսված ժամկետի սահմաններում եզրակացություն ներկայացնելու օրինագծի վերաբերյալ:
Հանձնաժողովը քննարկել եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերին:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 27-ին` ԱԺ քառօրյա նիստերից առաջ, կգումարի եւս մեկ նիստ` մի շարք օրինագծերի քննարկման եւ դրանց վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու նպատակով: