ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
Այսօր ՀՀ կառավարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, ստորագրել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր, որով սահմանվում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ եւ Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար։ Պայմանագիրը ստորագրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը եւ Հայաստանի գործատուների (արդյունաբերողների եւ գործարարների) հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Կոլեկտիվ պայմանագիրը կնպաստի սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացմանը` ուղղված երկրում զբաղվածության արդյունավետ ապահովմանը, արժանապատիվ աշխատանքի խրախուսմանը, սոցիալական գործընկերության եւ համերաշխության կայացմանն ու զարգացմանը։
Պայմանագիրը միտված է նաեւ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացներում սոցիալական գործընկերների հնարավորինս լայն մասնակցության ապահովմանը, ինչպես նաեւ գործատուների եւ արհմիությունների ինստիտուցիոնալ եւ գործառնական կարողությունների զարգացմանը։
Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, նախատեսվում է ձեւավորել հանձնաժողով` կողմերի ներկայացուցիչների հավասար թվաքանակով մասնակցային սկզբունքով։
Շնորհավորելով պայմանագրի ստորագրման կապակցությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Այս պայմանագիրը երկար սպասված պայմանագիր է եւ իր բովանդակությամբ բխում է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների սկզբունքներից, նպատակ ունի ապահովելու համերաշխություն մեր գործողությունների մեջ։ Պայմանագրով մենք ստանձնում ենք պարտավորություններ, որ պետք է մշտապես իրականացնենք կոնսուլտացիաներ, պետք է համագործակցենք։ Այս խնդիրը խիստ արդիական է դառնում, նամանավանդ, համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունների ներքո, երբ ամբողջ աշխարհում համար մեկ խնդիրը դառնում է գործազրկության սպառնալիքը։ Տնտեսական անկման պարագայում, բնականաբար, սոցիալական լարվածությունն ավելի է խորանում եւ այս պայմաններում, այս միջավայրում պայմանագիրը դառնում է կարեւոր։ Այսօրվա մեր ստորագրման փաստը վկայում է այն մասին, որ կա եռակողմ ըմբռնում այդ խնդիրների, բարդությունների, որոնք առկա են, այդ թվում` նաեւ ՀՀ-ում, եւ մենք արտահայտում ենք կամք, որ համագործակցելու ենք այս լրջագույն խնդիրների լուծման շուրջ ու մեր քաղաքականությունները լինելու են համաձայնեցված»։
Վարչապետն ընդգծել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներդրումը Կոլեկտիվ պայմանագրի նախապատրաստման գործում։
Փաստաթղթի ստորագրումը կարեւորել են նաեւ Էդուարդ Թումասյանը, Արսեն Ղազարյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը։
Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կգործի մինչեւ 2012թ. հունիսի 30-ը։