Բիզնես

USD BUY - 366.50+0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+0.50 EUR SELL - 431.00+2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
Կառավարությունը երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր է ստորագրել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ
26/05/2015 20:31
Կիսվել

Կառավարությունը երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր է ստորագրել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:

Մինչ ստորագրման պաշտոնական արարողությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Այս համատեքստում 2014թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը, որի շրջանակում 2015 թվականից ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ:

Մենք մեծապես խրախուսում ենք պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցության սկզբունքով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը, ինչն էապես նպաստում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ կադրերի պատրաստմանը և կարողությունների հզորացմանը: Մենք բարձր ենք գնահատում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ մեր համագործակցությունը, որն սկիզբ է առնում դեռևս 2007 թվականից, երբ ստորագրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիրը, ինչի արդյունքում ապահովվում է համաշխարհային առաջատար ընկերության կուտակած գիտելիքների և փորձի հասանելիությունն ու կիրառումը Հայաստանում։

«Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ Հայաստանում հիմնված Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, որը 2012 թվականին ճանաչվեց աշխարհի 4 լավագույն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոններից մեկը, ապահովում է գիտելիքների սահուն փոխանցում՝ ուսումնական դասընթացների, գործնական սեմինարների իրականացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին նյութատեխնիկական աջակցության տրամադրման միջոցով: Մենք հատկապես կարևորում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Մայքրոսոֆթ» տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը և ՀՀ կրթական հաստատություններին արտոնյալ պայմաններով «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային ամբողջական փաթեթների տրամադրումը:

Այսօր «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության պայմանագրերի ստորագրումն էլ ավելի կնպաստի երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը և տարածաշրջանում Հայաստանի` որպես նորարարական տեխնոլոգիական լուծումներ առաջարկող և մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող երկրի վարկանիշի բարձրացմանը: Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով տեխնոլոգիական լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնումն էապես կնպաստի Հայաստանի կայուն դիրքավորմանը տարածաշրջանում` որպես բջջային հավելվածների մշակման, «ամպային» և անվտանգության ոլորտներում նորագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր, իսկ «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ Հայաստանում կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումը, իր հերթին, կխթանի ՀՀ պաշտպանության համակարգում նորագույն տեխնոլոգիական լուծումների մշակումն ու ներդրումը` ապահովելով տվյալների հասանելիությունը, կիբերհարձակումներին դիմակայելու համար հայ մասնագետների վերապատրաստումը և տեղեկատվության փոխանակումը։

Այսօր ստորագրվող պայմանագրերը նոր հիմք կհանդիսանան ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության էլ ավելի սերտ համագործակցության համար, և վստահ եմ, որ այն կլինի փոխշահավետ և շարունակական` ի շահ Հայաստանի ու «Մայքրոսոֆթ» ընկերության` ապահովելով տեղական հզոր տեխնոլոգիական ներուժի զարգացումն ու ինտեգրումը համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների գործընթացներին: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ ՀՀ կառավարությունում, և մեր պատրաստակամությունն եմ հայտնում շարունակելու և զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը»:
Հաջորդիվ ելույթ են ունեցել «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Դոն Գրանթամը նշել է, որ մեծ պատիվ է ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության և «Մայքրոսոֆթ» ընկերության հարաբերությունների նման կարևոր պատմական դրվագին. «Մեր համագործակցության առաջին համաձայնագիրն ստորագրեցինք Շոտլանդիայում, որին մասնակցեց ընկերության հիմադիր և նախագահ պարոն Բիլ Գեյթսը: Այդ ժամանակ էլ Հայաստանում բացվեց մեր գրասենյակը, որին մասնակցեց նախկինում իմ պաշտոնն զբաղեցրած հայազգի Վահե Թորոսյանը: 2011 թ. համագործակցության նույն պայմանագրի շրջանակում մենք համատեղ բացեցինք «Մայքրոսոֆթ»-ի առաջին նորարարական կենտրոնը, որն այսօր համաշխարհային մակարդակով ամենաազդեցիկ և արդյունավետ գործող կենտրոններից է»: Պարոն Գրանթամն ընդգծել է, որ հպարտանում է ՀՀ-ի և «Մայքրոսոֆթ»-ի բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են Հայաստանում տնտեսական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման նոր ցուցանիշների արձանագրմանը, և վստահ է, որ Հայաստանը խոստումնալից ապագա ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: «Հպարտ ենք, որ այս ներդրումների արդյունքում խոստումնալից գործընկերության ենք հասել ՀՀ կառավարության հետ ի շահ Հայաստանի ժողովրդի: Հպարտ ենք, որ միջազգային խոշոր ընկերություններից առաջիններից ենք, որ հավատալով օժանդակել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին և ներուժի իրացմանը, ինչը տաղանդավոր ճարտարագետներին և ձեռներեցներին ավելիին հասնելու հնարավորություններ է ընձեռում: Նախատեսում ենք նոր համաձայնագրերի ստորագրման արդյունքում էլ ավելի ազդեցիկ դարձնել Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի գործունեությունը` ընդլայնել վերապատրաստման և կադրային կատարելագործման աշխատանքները, օժանդակել անհատներին և ընկերություններին նորագույն լուծումներով, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, և աշխարհի մակարդակով մրցունակ տեխնոլոգիական նոր ընկերություններ ծնվեն: ՀՀ կառավարության` համակարգչային ծրագրերի պատշաճ լիցենզավորումն իրականացնելու հանձնառությունը վկայում է այն մասին, որ պետությունը հարգում է մտավոր սեփականության իրավունքները: Դա բազում օգուտներ է բերելու և´ երկրին, և´ գործարար միջավայրին» – ընդգծել է Դոն Գրանթամը և ընկերության անունից երախտագիտություն հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը` համաձայնագրերի նախապատրաստման և ստորագրման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

Իր հերթին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է վարչապետին` ՀՀ կառավարության կողմից միջազգային չափորոշիչներին համապատասխան մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը երաշխավորող համաձայնագրի կնքման առնչությամբ. «Այս համաձայնագիրը կարևոր և հնչեղ ուղերձ է պարունակում. Հայաստանը ցանկանում է բիզնեսը ծավալել ճիշտ ճանապարհով`պահպանելով իրավունքի գերակայությունը և հարգելով մտավոր սեփականության իրավունքները: Մտավոր սեփականության իրավունքները դարձել են ժամանակակից տնտեսության անկյունաքարը: Աշխարհով մեկ հայերին ճանաչում են մտավոր կարողություններով և ձեռնարկատիրական գործի ջիղով: Մտավոր սեփականությունից օգուտ քաղելուն հայերի ստեղծարար ջիղն օգտակար ծառայեցնելու համար այս իրավունքը պետք է պաշտպանված լինի: Համաձայնագրի ստորագրումը վկայում է, որ ՀՀ կառավարությունը հանձնառու է ապահովել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը: Նման համաձայնագրերը կօգնեն Հայաստանին՝ ներգրավել միջազգային ներդրումներ և կնպաստեն տնտեսության աճին: Բարձր եմ գնահատում վարչապետի ջանքերն այս ուղղությամբ»:
Ելույթներին հաջորդել է ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Տվյալների անվտանգության ծրագրի ստորագրման արարողությունը: ՀՀ կառավարության անունից Համագործակցության հուշագիրն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Լիցենզավորման պայմանագրերն ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Տվյալների անվտանգության ծրագիրն ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մայքրոսոֆթ» ընկերության անունից փաստաթղթերն ստորագրել է ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը:

Նշենք, որ Համագործակցության հուշագրով նախատեսվում է համագործակցել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նորարարության ոլորտներում: Նախատեսվում է նաև Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի հենքով Հայաստանում «ամպային» և բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, որը հնարավորություն կընձեռնի տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին մշակել ծրագրային լուծումներ` օգտագործելով «Մայքրոսոֆթ» ընկերության նորագույն տեխնոլոգիաներն ու փորձը և բարձրացնել Հայաստանի մրցունակությունը ոլորտում:

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65