
Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է ռուսական շուկային
Մոսկվայում, Արցախի օրերի շրջանակներում, տեղի է ունեցել ԼՂՀ զբոսաշրջության ներուժի ներկայացմանը նվիրված շնորհանդես:
Երկու տասնյակից ավել զբոսաշրջային ընկերությունների և լրագրողների հանգամանորեն ներկայացվել է Արցախի զբոսաշրջային արդյունքը, ինչպես նաև Հայաստան–Արցախ զբոսաշրջային երթուղիները:
Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության աշխատակիցները, ինչպես նաև Արցախում արդեն իսկ գործունեություն ծավալած զբոսաշրջային ոլորտի ռուսական որոշ ընկերությունների ներկայացուցիչներ:
Ելույթներով հանդես են եկել և մասնակիցներին անհրաժեշտ պարզաբանումներ տվել նաև ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության պետ Մեխակ Ապրեսյանը:
Միջոցառման ընթացքում քննարկվել են Արցախի զբոսաշրջությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԼՂՀ-ն զբոսաշրջային փաթեթներում (այդ թվում` Հայաստան- Արցախ և Մեծ մետաքսի ճանապարհ) ընդգրկելու հնարավորությունները:
Արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային փաթեթներում Արցախը որպես զբոսաշրջային նոր ուղղություն ընդգրկելու վերաբերյալ:
Որոշ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել այցելելու Արցախ՝ տեղում զբոսաշրջային ընկերությունների հետ գործնական կապեր հաստատելու համար:
Արցախի զբոսաշրջության շնորհանդեսի կայացմանն աջակցել են ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: