ՅՈՒՆԻԲԱՆԿ. բանկի բաժնետոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
2016թ.-ի ապրիլի 21-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ավարտվել է «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ լրացուցիչ թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխման գործընթացը, որը սկսվել էր ապրիլի 20-ին:
Տեղաբաշխման ներկայացված 22,704,347 հատ հասարակ անվանական բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որոնց դիմաց Բանկը ներգրավել է 5,221,999,810 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել է 230 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2015թ.-ի դեկտեմբերի 18-24 ևս նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրել էր բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման հրապարակային տեղաբաշխում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում, որի ընթացքում տեղաբաշխվել էր 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 2,454,668,330 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Բաժնետոմսերի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել էր 230 ՀՀ դրամ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող այլ գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնից:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին: Բանկի ռազմավարական նպատակների շարքում է փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումը: Ներկայումս բանկն ունի 45 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Մոսկվայում: ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ֆոնդային բորսայի անդամ է 2008-ից, իսկ 2015թ.-ի հուլիսից նաև արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ընկերության պաշտոնական կայքը՝ www.unibank.am: