Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Մեկնարկեցին Հյուսիս – Հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները
18/06/2016 16:24
Կիսվել

Մեկնարկեցին Հյուսիս – Հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները

Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ հունիսի 17-ին ազդարարվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկը:

Այն նշանավորվեց  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի կողմից կառուցվելիք ճանապարհի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ:

Լրագրողների հետ զրույցում «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Այն բաժանված է առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվել են վարկային առանձին պայմանագրեր:

Հյուսիս-հարավ ծրագրի 3-րդ Տրանշը համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից: «Այս հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու համար Եվրոպական Միությունը Հայաստանի կառավարությանը տրամադրել է նաև 12 մլն եվրո դրամաշնորհ:

ԱԶԲ-ի 100 միլիոն դոլար վարկն ուղղվելու է Թալին-Լանջիկ հատվածի (18,7 կմ) վերակառուցմանն ու տեխնիկական հսկողությանը, իսկ ԵՆԲ-ի հետ կնքված 72 մլն. եվրոյի համաձայնագրի շրջանակներում իրականացվելու է Լանջիկ-Գյումրի հատվածի (27,5 կմ) վերակառուցումը և տեխնիկական հսկողությունը, ինչպես նաև Գյումրի-Բավրա հատվածի նախագծումը», – ասաց Ա. Սարգսյանը:

Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում շեշտեց, որ Եվրոպական Միությունը մեծ ուրախությամբ է ներդրում կատարում և աջակցում Հայաստանում ճանապարհների կառուցմանը. «Կարծում եմ` բոլորիս համար, սա գերազանց օր է: Հայաստանը հրաշալի երկիր է, բայց կարիք ունի լավ ճանապարհների: Իսկ լավ ճանապարհները կայուն զարգացման հիմնական սյունն են: Դրանք անհրաժեշտ են նաև մարզերի կենսամակարդակի բարձրացման համար, մասնավորապես այս մարզի: Ինչպես նաև անհրաժեշտ է, որպեսզի արտաքին ներդրողները շահագրգռված լինեն ներդրումներ կատարել այս երկրում»:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը հիշեց չինական ասացվածքը` «Ուզում եք հարուստ լինել, ճանապարհները լավը դարձրեք»: «Մենք ամբողջովին գիտակցում ենք լավ ճանապարհային համակարգի կարևորությունը և առանձնահատուկ ուրախ ենք, որ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությանն է իրավունք և հնարավորություն տրվել մասնակից դառնալ աշխատանքներին։

Այն հատկապես կարևոր է Չինաստանի նախաձեռնած Մետաքսի ճանապարհ ծրագրի իրականացման համատեքստում: Հուսով եմ, որ աշխատանքները կավարտվեն ճիշտ ժամանակին և բարձր որակով», – ընդգծեց դեսպանը:

Հայտարարված միջազգային մրցույթների արդյունքներով՝ որպես նվազագույն գնային առաջարկ և տեխնիկապես բավարար գնահատված հայտ ներկայացրած չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավար Վեն Սյաոն վստահեցրեց, որ հաջողությամբ կավարտեն այս նախագիծը. «Մեր ընկերությունը ավելի քան 80 երկրներում ծրագրեր է իրականացրել, իսկ վերջին տարիներին` Ղազախստանում, Սերբիայում, Վրաստանում, և այժմ եկել ենք Հայաստան: Հույս ունեմ, որ լավ համագործակցություն և գործընկերներ կգտնեմ այստեղ»:

Շնորհավորանքներ հնչեցին նաև դոնոր ֆինանսական կառույցների (ԱԶԲ և ԵՆԲ) ղեկավարների, շինարարական և վերահսկող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:

Ամփոփելով այս կարևոր իրադարձությունը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկին` նա մասնավորապես նշեց. «Կարող եմ ասել, որ այսօր  սկիզբ դրվեց` երեք տարի հետո Հայաստանի հյուսիսային ճանապարհը ամբողջությամբ ավարտելու գործընթացին: Ամեն ինչ արվում է, որպեսզի մենք ունենանք մինչև Սև ծով առաջին կարգի ճանապարհ: Մենք բանակցում ենք այսօր մեր հարևան Վրաստանի Հանրապետության հետ, որպեսզի ճանապարհը Բավրայից մինչև Սև ծով նաև իրենք այս կազմակերպությունների միջոցով իրականացնեն և հասնենք մեր նպատակին, ինչի համար երկար տարիներ աշխատել ենք»:

Հավելենք, որ Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների  կառուցման համապատասխան կապալային պայմանագրերի համաձայն կկառուցվի 46,2 կմ ճանապարհ՝  շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ներառյալ ԱԱՀ-ն:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2018 թվականի տարեվերջին, 2019 թվականի տարեսկզբին:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32