Առաջիկա տարիներին էլեկտրաէներգիայի արտահանման Հայաստանի ներուժը կեռապատկվի
Էներգետիկայի ոլորտում կատարվող աշխատանքներին ծանոթացնելու նպատակով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հուլիսի 15-16-ին կազմակերպել էր լրագրողների այց Սյունիքի մարզ։
Լրագրողների առաջին կանգառը էներգետիկ նշանակությամբ Հայաստանի ամենամեծ՝ Սպանդարյանի ջրամբարան էր, որը սնում է Որոտանի համալիրի մեջ մտնող երեք հիդրոկայանները։ Ինչպես հայտնի է, այս համալիրն անցած տարի վաճառվեց ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության։
Ընկերության արտադրության ղեկավարի տեղակալ Գագիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս պահին ջրամբարում առկա է շուրջ 162 մլն խոր. մետր ջուր, ինչը գրեթե 20 միլիոնով ավել է նախորդ տարվանից։ Դա նշանակում է, որ համալիրը հնարավորություն ունի այս տարի ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել։ Սպանդարյան ջրամբարում կուտակվող յուրաքանչյուր խոր. մետր ջրից արտադրվում է 2,8 կՎտ էլեկտրաէներգիա։
Այս տարի Որոտանի համալիրում նախատեսվում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցնել ավելի քան 1 մլրդ կՎտ ժամի։
Չնայած կայանի սարքավորումները հիմնականում 1970-ական թվականների արտադրության են, այնուհանդերձ անվտանգությունն ամբողջությամբ ապահովված է։ Որոտանի համալիրը «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը վաճառելուց հետո անցած մեկ տարվա ընթացքում որևէ վթար չի արձանագրվել։ Սակայն դա չի նշանակում, որ կայանը կարող է այդպես երկար աշխատել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նոր սեփականատերը նախատեսում է առաջիկա մեկ-երկու տարիներին այստեղ իրականացնել բնապահպանական եւ անվտանգության 4-5 մլն դոլարի և երեք-չորս տարվա ընթացքում՝ վերակառուցման շուրջ 50 մլն եվրոյի ներդրումային ծրագրեր։ Այդ նպատակով արդեն սկսվել են մրցութային գործընթացները։
Համաձայն էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի, Որոտանի արդիականացման ծրագրով նախատեսվում է փոխարինել բոլոր հիմնական տեխնիկական սարքավորումները և բարձրացնել անվտանգության մակարդակը։ Միջոցառումներ կիրականացվեն նաեւ Սպանդարյանի ջրամբարի անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Այցի շրջանակներում լրագրողները եղան Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի անցկացման շրջանակներում կառուցվող «Նորավան» ենթակայանի շինարարության հրապարակում, որտեղ արդեն իսկ մեկնարկել են հողային աշխատանքները։ Ինչպես ենթակայանի, այնպես էլ օդային գծի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2018թ. վերջ։
Իրան-Հայաստան երրորդ գծի անցկացումով Հայաստանի արտահանման ներուժը էապես կավելանա։ Ըստ Հ.Հարությունյանի.
-Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրագծերի կառուցումով մենք հնարավորություն կունենանք արտահանել մոտ 15 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, ասեմ, որ մեր ներքին սպառումը տարեկան 5,5 մլրդ կՎտ/ժամ է։
Գծերի կառուցումից հետո Հայաստանը հնարավորություն կունենա զուգահեռ աշխատել Իրանի և Վրաստանի հետ։ Այլ կերպ ասած՝ պայմաններ կստեծվի միանալու իրանական, վրացական, ռուսական, Իրանի միջոցով նաև տարածաշրջանի այլ երկրների էներգահամակարգերին։ Դրա արդյունքում Իրանը կարողանալու է Հայաստանի միջոցով Վրաստան և Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանել։ Նույնը կարող է լինել նաեւ հակառակ ուղղությամբ։ Այս հոսքերի սպասարկումը ենթադրում է լրացուցիչ ֆինանսական միջոցների մուտք Հայաստանի էներգետիկ համակարգ.
-Արդյունքում էներգետիկայի հաստատուն ծախսերը նվազելու են։ Հետեւաբար կնվազի նաև սպառողների բեռը։ Հուսով ենք, որ դա դրական կազդի նաև սակագների վրա։