
Կարեն Կարապետյան. գլխավոր խնդիրը բարենպաստ գործարար դաշտ ապահովելն է
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկրում ներդրումների իրականացմանը և գործարարությամբ զբաղվելուն խոչընդոտող բոլոր վարչարարական արգելքները վեր հանելու և վերացնելու անհրաժեշտություն է տեսնում: Ազգայի ժողովում կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելու ընթացքում ՀՀ վարչապետը խոսեց գործարարության համար բարենպաստ դաշտ ստեղծելու խնդրի մասին: «Պետք է աշխատել միջազգային ներդրողների հետ՝ ապացուցելով, որ Հայաստանում բիզնեսով ու ներդրումներով զբաղվելը ապահով է, անվտանգ և պարզապես շահավետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:
Կառավարության գլխավոր խնդիրը բարենպաստ գործարար դաշտ ստեղծելն է, քանի որ, ըստ վարչապետի, երջանիկ են այն երկրները, որոնք ունեն բարենպաստ բիզնես դաշտ, ձեռներեցին չեն խոչընդոտում ստեղծել ու արարել:
Նա նշեց, որ կառավարությունը հրավիրում է բոլորին՝ ներդրողներին, արվեստագետներին, հողի մշակին, բոլորին՝ միասին իրագործելու կառավարության զարգացման ծրագրերը, ստեղծելու բոլորի երազած երկիրը: