ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 21-ին, տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում գործադիրը նկատի առնելով ակնագործության եւ ոսկերչության զարգացման հայեցակարգով նախատեսված` ճյուղի զարգացմանն ուղղված միջոցառումները, հավանություն է տվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Դրանցով ոսկերչական իրերի արտադրությունը ազատվում է 1 տոկոս շահութահարկի կանխավճարի վճարումից, ինչպես նաեւ հնարավորություն ստանում խնայել ֆինանսական միջոցներ, նպաստել ճյուղի զարգացմանը եւ ոսկերչական իրերի մրցունակության բարձրացմանը։ Որոշումը ներկայացվելու է ՀՀ Ազգային Ժողով։
Վարչապետ Տիգրան Սարգսյան. «Հանրությունը պետք է իմանա, որ ոսկերչությունը եւ ադամանդագործությունը համարելով առաջնահերթ ճյուղ, մենք այս փոփոխություններով ստեղծում ենք հարկային բարենպաստ դաշտ։ Հարցը քննարկել ենք նաեւ ոսկերիչների եւ ադամանդագործների մեր միջազգային ասոցիացիայում։ Նրանց կարծիքով եւս սա կնպաստի ոլորտի զարգացմանը եւ նոր ներդրումների ներգրավմանը։ Մեկ տոկոս շահութահարկի կանխավճարի վերացման առաջարկությունը նույնպես իրենք են արել, քանի որ դա խոչընդոտում է ճյուղի զարգացմանը։ Օրինագիծը կարող է դիտարկվել մեր հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանության ներքո»։