Հիմնադրվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն
Կառավարությունը որոշում է ընդունել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» (ԱՏԳ) փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին և ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահման Իրանի հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել ՀՀ-ում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար: Սյունիքի մարզի տարածքում ԱՏԳ մեկնարկը կնպաստի ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: ԱՏԳ կառուցումը ենթադրում է փուլային բնույթ. առաջին փուլում նախատեսվում է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա։