Նոր 500 դրամ արժեքով թղթադրամի գաղտնիքները
ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջին անգամ շրջանառության մեջ դրված թղթադրամի տեսքով հուշադրամն ունի մի քանի պաշտպանական առանձնահատկություն, որոնք հատկապես կհետաքրքրեն հավաքորդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` 500 դրամ անվանական արժեքով «Նոյյան տապան» հավաքորդական թղթադրամի շնորհանդեսի ժամանակ դրանք ներկայացրեց ԿԲ արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանը:
Թղթադրամի հումքը
Թղթադրամի հումքը բաղկացած է երեք շերտից՝ մեջտեղում բամբակե թուղթն է, որը երկու կողմից պատված է պոլիէստերով: Այն թույլ է տալիս օգտագործել պաշտպանական հատկանիշներ, որոնք կիրառելի են և թղթի, և պոլիմերի համար: Այս հումքի հիմնական նպատակն է` երկարացնել թղթադրամի կյանքը շրջանառության մեջ: Կենտրոնական բանկը գնացել է հիբրիդային հումքի ընտրությանը հանրության համար նոր թղթադրամի անցումը ոչ սթրեսային կազմակերպելու համար: Բացի այդ` այս հումքով թղթադրամները լրացուցիչ ֆինանսական բեռ չեն ստեղծի Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի համար, քանի որ ներկայում գործածվող սարքավորումները, բանկոմատները հեշտությամբ ընդունում են այս հումքով ստեղծված թղթադրամները:
Պաշտպանական հատկանիշներ
500 դրամ անվանական արժեքով հավաքորդական թղթադրամի դիմերեսի հիմնական պաշտպանական հատկանիշը ներգիծն է, այն կոչվում է նաև պատուհանաձև, քանի որ հումքի մեջ ներմտած է։ Թղթադրամը թեթևակի շարժելու դեպքում հնարավոր կլինի տեսնել պատկերներ՝ լողացող օղակներ (եռաչափ էֆֆեկտով), 500 թիվը և AMD գրվածքը, բացի այդ՝ շարժելուց փոխվում է նաև գույնը՝ կանաչից ոսկեգույնի: Լույսի դիմաց պահելու դեպքում հնարավոր կլինի թղթադրամի մեջտեղի հատվածում տեսնել կլորավուն թափանցիկ պատուհան, դրանում Նոյան տապանի պատկերը: Սա էլ բացառիկ պաշտպանական հատկանիշներից է, որը կեղծել գրեթե հնարավոր չէ: Այս հատկանիշը առկա է լինելու նաև հաջորդ տարի թողարկվելիք թղթադրամների վրա: Հաջորդ պաշտպանական հատկանիշը, որն ամենավառն է 500 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա, փայլաթիթեղն է։ Այն շարժելու դեպքում ևս գունափոխություն է տեղի ունենում՝ բաց կանաչը մուգ կանաչի։
Թղթադրամի վերևի աջ անկյունում տեսանելի աղավնին, որը օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պատկեր է, ևս եռաչափ էֆեկտով է։
Հայաստանաբնակներին շատ հարազատ պաշտպանական հատկանիշներից է ջրանիշը, լույսի դիմաց պահելու դեպքում աջ հատվածում հնարավոր է տեսնել Նոյան տապանի պատկերն ու 500 թիվը:
Պաշտպանական հաջորդ հատկանիշը թղթադրամի աջ և ձախ հատվածներում անվանական արժեքն է, որը ձեռքով շոշափելի է՝ շնորհիվ ուռուցիկ կառուցվածքի: Տկարատեսների համար նախատեսված է վերևի աջ անկյունում զետեղված փոքր կլորակը: «Նոյյան տապան» հավաքորդական թղթադրամի վրա կան մեծ քանակությամբ միկրոպատկերներ ու տեքստ, որոնք տեսանելի են միայն խոշորացույցի միջոցով։ Սա մանրակրիտ ու բարդ աշխատանքի արդյունք է։ Մասնավորապես, դարձերեսին կապույտ ամպային հատվածը միկրոտեքստ է թղթադրամի թեմայի վերաբերյալ։ Դիմերեսին պատկերված Արարատը ևս մասնագիտական «բծախնդրության» արդյունք է։ Թվացյալ կետերից ու գծիկներով կազմված պատկերը, իրականում, թղթադրամի վրա առկա բոլոր պատկերների ու թվային նշանների ամբողջությունն է։ Խոշորացույցից այն կողմ հնարավոր է տեսնել խաչ, Նոյյան տապանը, 500 թիվը, աղավնի, Մայր տաճարը և այլն: