Հայկ Հարությունյան. Հայաստանում գործում է ցանցին միացված մոտ 200 արևային ինքնավար կայան
Բարեփոխումներ վերականգնվող էներգետիկայում, հսկայածավալ աշխատանք ԱԷԿ-ում և ներդրումային ծրագրեր. փոխնախարարի ամփոփիչ հարցազրույցը
Էներգետիկ շուկայի ազատականացման ծրագրի մշակումն ու Ազգային ժողովում բուռն քննարկումների փուլն անցնելը, Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման աշխատանքներն ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում բարեփոխումները տարվա երեք կարևոր ձեռքբերումներն են։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի հետ տարեվերջյան հարցազրույցը։
– Պարոն Հարությունյան, ամփոփելով տարին էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում իրականացված քաղաքականության համատեքստում, ո՞ր երեք քայլերն ու ծրագրերը կառանձնացնեք։ Եվ ո՞ր հարցերն են դեռևս շարունակում մարտահրավեր լինել ոլորտի համար։
– Այս տարի իրականում բավականին լուրջ ծրագրեր ենք իրականացրել, երեքն առանձնացնելը մի քիչ բարդ է։ Այնուամենայնիվ, առաջինը շուկայի ազատականացման գործընթացի սկիզբն էր։ Այս տարի կառավարության կողմից ընդունվեց Էներգետիկ շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը, որը ենթադրում է քայլ առ քայլ ազատականացում։ Օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը ներկայացվեց Ազգային ժողով, այնտեղ բավականին բուռն քննարկումների հանդիպեց, ընդհանուր առմամբ՝ բավականին դրական գնահատվեց, հունվարի մեջ, երևի, կդրվի լիագումար նիստի օրակարգում։ Երկրորդը՝ Ատամոկայանի կյանքի ցիկլի երկարացման ծրագիրն էր, պլանային վերանորոգումը նախատեսված սովորական վերանորոգումներից երկար տևեց՝ մոտ 2.5 ամիս։ Այդ ժամանակ բավականին խորը հետազոտությունների ենթարկվեցին Ատոմակայանի գրեթե բոլոր սարքավորումները։ Տարվա ընթացքում լայնածավալ աշխատանք կատարվեց, ներմուծվեցին բազմաթիվ սարքավորումներ, ներառյալ՝ մեկ տուրբին գեներատորը, որը պետք է փոխարինվի։ Երրորդը կարելի է առանձնացնել այս տարի գործնական փուլ մտած արևային էներգետիկայի այն բարեփոխումները, որոնք իրականացրել էինք 2016 թվականի ավարտին։ Տարվա վերջում մենք արդեն ունենք ցանցին միացված մոտ 200 արևային ինքնավար կայան, այսինքն՝ մարդիկ իրենց տանիքներում տեղադրել են արևային կայան ու սեփական կարիքների համար արտադրում են էլեկտրաէներգիա, նաև ունենք համակարգային կայաններ, որոնք միացել են ցանցին ու վաճառում են իրենց կողմից արտադրված էներգիան «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին։ Այս գործընթացը ակտիվ շարունակվում է, հենց այսօր (դեկտեմբերի 22-ին-խմբ․) Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ անցավ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որոնցով բարելավեցինք ինքնավար էներգաարտադրողների աշխատանքային դաշտը։ Կարգավորման ենթակա չհանդիսացող 150 կՎտ սահմանաչափը իրավաբանական անձանց համար դարձավ 500 կՎտ, ավելցուկի փոխհատուցման ամսական հաշվարկը փոխարինվեց տարեկանով և դրական պայմաններ ստեղծվեցին այս ոլորտի հետագա զարգացման համար։
Բացի դրանից՝ մի շարք այլ աշխատանքներ են արվել, շարունակվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում ենթակայանների վերակառուցման գործընթացը, Երևանի ՋԷԿ-ում պլանային վերանորոգման լուրջ աշխատանքներ են տարվել։
Ինչ վերաբերում է խնդիրներին, դրանք միշտ էլ կան, աշխատող համակարգ է, խնդիրներ չեն կարող չլինել։ «Հայկական էլեկտրական ցանցեր»-ում բավականին մեծ ենթակառուցվածքներ կան, որոնք փոփոխության և վերազինման անհրաժեշտություն ունեն, դրա համար ՀԷՑ-ը խոշոր ներդրումային ծրագիր է ներկայացրել, որը հաստատվել է, կարողացել է ներգրավել շատ փոքր տոկոսադրույքով առանց պետական երաշխիքի արտոնյալ վարկային միջոցներ միջազգային ֆինանսական կառույցներից, որը ուղղվելու է այդ ներդրումների իրականացմանը։ Խնդիրները մշտական են, պարզապես պետք է շարունակել աշխատել։
– Նշեցիք, որ ցանցին միացված է 200 արևային կայան, դրանք միայն ֆիզիկական անձի՞նք են, թե՞ նաև ընկերություններ։
– Եվ ֆիզիկական անձինք, և բիզնեսն է տեղադրել։ Նրանց թվում են տնային տնտեսություններ, հյուրանոցներ, արտադրություններ։
– Նախարարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, ասում եք, ուղղակիորեն կնպաստեն ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ ՓՄՁ-ների կողմից վերականգնվող էներգետիկայի աղբյուրների կիրառմանը, պրակտիկայում դրանց գործածման համար ինչ-որ ծրագրեր կիրականացվե՞ն։
– Փոքր ձեռնարկությունները մինչ այս էլ կարող էին օգտվել։ Եթե ամսական դու ունես 1 միլիոն դրամի էլեկտրաէներգիայի ծախս, 150 կՎտ-ը բավարար է, իսկ 500 կՎտ-ը ամսական 3 միլիոն դրամից ավելի ծախս ունեցողների համար է։ Կարելի է ասել, որ սա որոշ խոշոր ձեռնարկությունների համար էլ օգտակար կլինի, նաև հիվանդանոցների։ Մենք մի շարք պետական ծրագրեր ենք իրականացնում էներգախնայողության ոլորտում, օրինակ հիվանդանոցներում 150 կՎտ-ը բավականին քիչ է, այնտեղ առնվազն 500 կՎտ է անհրաժեշտ, որ իրենք իրական խնայողություն ունենան, սահմանաչափը նաև հենց դրա համար փոխեցինք։
Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա բազմաթիվ ծրագրեր ընթացքի մեջ են, մենք հանրային շենքերում ունենք էներգախնայողության ծրագիր, որը շարունակվում է։ 2 տարվա ընթացքում մոտ 164 շենքերում իրականացվել են էներգախնայողության միջոցառումներ, շատերում տեղադրել ենք արևային վահանակներ։
Այս տարի նաև սկսել ենք մեկ այլ ծրագիր՝ չգազաֆիկացված համայնքներում արևային վահանակների տեղադրման շատ արտոնյալ ծրագիր, որից արդեն 200 տնային տնտեսություն օգտվել է։ Սա կնպաստի, որ նրանք ավելի ակտիվ մասնակցեն այս ծրագրին։ Հուսով եմ, որ նոր ծրագրեր էլ ի հայտ կգան՝ ստեղծված բարենպաստ պայմանները հաշվի առնելով։
– Օրերս ՀՀ կենտրոնական բանկի և գերմանական KfW զարգացման բանկի միջև ստորագրվել է պայմանագիր, որով 15 միլիոն եվրո կտրամադրվի ՓՄՁ-ների էներգախնայողական նախագծերի իրականացման համար։
– Սա իրականում այդ ծրագրի երկրորդ փուլն է, առաջին փուլով, եթե հիշողությունս չի դավաճանում, 20 միլիոն եվրո էր հատկացվել, և նրանք շատ արագ հասկացան, որ էներգախնայողության միջոցառումների պահանջարկը բարձր է ՓՄՁ-ների շրջանում, անհրաժեշտություն կա լրացուցիչ միջոցների ներգրավման, դրա համար ծրագրի երկրորդ փուլը մեկնարկեց։
– Անդրադառնանք «Քարքար» գեոթերմալ էլեկտրակայանի կառուցման նախագծին, որը նաև ներդրումային փաթեթի տեսքով ներկայացված է ներդրողական հարթակում, հետաքրքրվողներ կա՞ն։
– Տեղյակ եք, որ երկու հորատանցք ունենք արդեն, 1500-ից և 1600-ից ավելի մետր խորությամբ, մենք հայտնաբերեցինք ռեսուրս, այն այնքան լավը չէր, որքան մենք ակնկալում էինք, բայց միջին ցուցանիշ այնտեղ առկա է։ Ջերմաստիճանը գրանցեցինք, հեղուկ չկարողացանք գտնել, այստեղ փորձագետները տարակարծիք են։ Մի խումբը կարծում է՝ պետք է ևս մեկ հորատանցք փորել, մյուսն ասում է ոչ, տվյալները բավարար է, որ ներդրողներին դիմենք։ Մենք ներդրողներին դիմել ենք, որոշակի հետաքրքրություն կա, այնպիսինը չէ, որ ցանկալի էր, ամեն դեպքում՝ հետաքրքրված են։ Հիմա Համաշխարհային բանկի հետ, ում հետ այս ծրագիրն իրականացնում ենք, քննարկում ենք հետագա քայլերը։ Քննարկվում է՝ արդյոք գնալ մրցույթի, թե որևէ ներդրողի հետ, որը հետաքրքրություն է ցուցաբերել, բանակցել։ Ցանկացած դեպքում պետք է ֆիքսենք, որ ռեսուրսը կա, բայց դրա միջին լինելը ազդելու է սակագնի վրա։ Միջազգային շուկայում, երբ նայում ենք, 10-11 ցենտ է ընդունված էլեկտրաէներգիայի արժեքն այս կայանների առաջին 10-15 տարիների համար, եզակի տեղերում է 9 ցենտով։ Մեր նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այս ռեսուրսի դեպքում 12-13 ցենտ կարող է արժենալ այստեղ։ Մենք հիմա քննարկում ենք՝ նման գնի էլեկտրաէներգիա մեր էներգահամակարգին այս փուլում անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։
– Այսինքն՝ դա կարող է ազդե՞լ մատուցվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
– Կախված հզորությունից ու արտադրանքից՝ այո, քանի որ դա ավելի թանկ էլեկտրաէներգիա է, քան մեր բոլոր այլ աղբյուրները, բայց քանի որ այն վերականգնվող աղբյուր է ու, եթե երրորդ հորատանցքը փորելուց հետո (կամ ներդրողը կանի, կամ կառավարությունը ռեսուրսներ կհայթայթի ու կիրականացնի), տեսնենք ռեսուրսն ավելի լավն է, հնարավոր կլինի ավելի լավ սակագին ստանալ։ Ներկայում քննարկում ենք հիմա իրականացնել, թե որոշակի ժամանակ հետո։
– Ասել էիք, որ Հայաստանում Քարքարից բացի այլ հեռանկարային աղբյուրներ ևս կան, օրինակ, Ջերմաղբյուրը, Լիձորը, որոնք գտնվում են Վրաստանի հետ սահմանին և Սիսիանում։ Այս վայրերի առնչությամբ որևէ բան արվո՞ւմ է։
– Չափազանց կարևոր էր Քարքարի ծրագրի հաջողությունը, որպես առաջին երկրաջերմային ծրագիր։ Ցանկացած երկրում, երբ մեկ նման ծրագիր իրականանում է, երկրորդ-երրորդը ներդրողների համար ռիսկերի տեսանկյունից բավականին գրավիչ է դառնում։ Ամեն ինչ պետք է անենք այս ծրագիրն իրականացնելու համար, որ ճանապարհ հարթվի երկրորդի, երրորդի համար։
– Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման աշխատանքները ո՞ր փուլում են։
– Կառավարության ծրագրում ֆիքսված ժամանակացույցով աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019-2020 թթ․։ Ներկայում աշխատանքներն ընթանում են, դրանք բավականին բարդ ինժեներական աշխատանքներ են տարբեր լանդշաֆտների վրա, դրա համար մի քիչ ավելի երկարում է, քան մենք կուզեինք, բայց ծրագրերն ընթացքի մեջ են, փորձում ենք մաքսիմալ արագ դրանք ավարտին հասցնել։
– Ատոմակայանից խոսեցիք, բայց, հաշվի առնելով Եվրամիության հետ կնքված համաձայնագիրն ու «ատոմակայանը փակելու առնչությամբ» բարձրացված աղմուկը, կխնդրեի հակիրճ ներկայացնեք Ատոմակայանի հետագա ճակատագիրը։
– Համաձայնագրի մեջ չի խոսվում Ատոմակայանի փակման մասին, խոսվում է ներկա գործող երկրորդ էներգաբլոկի ապագործարկման մասին, որը, ես չեմ կարծում, որևէ մեկի մոտ իլյուզիա էր առաջացրել, թե ընդմիշտ աշխատելու է։ Ցանկացած էներգաբլոկ ունի իր կյանքի ցիկլը և կյանքի ցիկլի ավարտվելուց հետո պետք է ապագործարկվի, պարզապես ֆիքսվում է, որ հիմա արդեն պետք է ճանապարհային քարտեզ մշակենք, այդ ընթացքը հասկանանք, քանի որ որոշակի քայլեր կան, որ պետք է իրականացվեն մինչև դրան հասնելը։ Բայց մեր ծրագրերն անփոփոխ են, երկարացման ծրագիրն ընթանում է, ինչպես տեսնում եք, այն կփոխարինվի իր համարժեք հզորության հետ, ինչպես նշված է համաձայնագրում։
Երկարաձգման աշխատանքների ներդրումների մեծ մասը գնում է անվտանգության ստանդարտների բարելավման և ուժեղացման վրա, բացի դրանից՝ այս ներդրումների արդյունքում մոտ 50 ՄՎտ ռեսուրս է ավելանում։ Ատոմակայանը, եթե տալիս էր 350-360 ՄՎտ անցած տարիներին, հետագայում տալու է 400-410 ՄՎտ։
– Վերջին ամսվա ընթացքում արտասահմանյան գործնական այցերի էիք, ի՞նչ նորություններով եք վերադարձել։
– Բազմաթիվ ու շատ տարբեր էին այցերը։ Դրանց շարքում էր այցը E5P-ի (Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության) տարեկան ժողովին, այնտեղ երկու ծրագիր քննարկվեց։ Առաջինը Երևանի էներգախնայողության ծրագիրն է, 5 միլիոն եվրո դրամաշնորհ տրամադրվեց Երևանի էներգախնայողության միջոցառումների համար։ Այն ուղղելու է մանկապարտեզներին, առաջին փուլով գրեթե բոլոր մանկապարտեզները վերանորոգվելու են, և մեծ ուշադրություն է դարձվելու էներգախնայողության հարցերի վրա։ Բոլորի վրա տեղադրվելու են արևային վահանակներ, ամեն ինչ արվելու է միջազգային ստանդարտներով։ Երկրորդն էլ ՎԶԵԲ-ի նոր ծրագիրն է, որի նպատակն է մատչելի ու արտոնյալ ֆինանսական միջոցներ ավելացնել էներգաարդյունավետության ծրագրերի իրականացման հիմնականում վերականգնվող էներգետիկայի ոլորտում, այն մարդկանց ու բիզնեսների համար, որոնք ուզում են արևային վահանակներ, ջերմային պոմպեր տեղադրել։ Դրամաշնորհը հաստատվեց մոտ 3.6 միլիոն եվրոյի չափով։
– Մի ավանդական հարց, որ հղում ենք տարեվերջյան հարցազրույցների ժամանակ։ Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Ամանորը և Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին։
– Ամանորը դիմավորելու եմ տանը, ունեմ նորածին երկու փոքրիկ, դրա համար ոչ մի տեղ չեմ էլ կարող գնալ։ Որպես էներգետիկ՝ նոր տարվան ցանկանում եմ լույս, ջերմություն և ամենակարևորը՝ խաղաղություն։
Պատրաստեց Անի Նազարյանը