Կառավարությունը գյուղատնտեսության համար կսուբսիդավորի դիզվառելիքի թանկացումը
Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսական արտադրանքի գների վրա դիզվառելիքի թանկացման ազդեցությունը մեղմելու կամ նվազեցնելու սուբսիդավորման ծրագիր է քննարկում: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Մենք հիմա քննարկում ենք սուբսիդավորման ծրագիր, որի մեխանիզմները կհրապարակենք, երբ կառավարության կողմից ծրագիրը վերջնական հավանության կարժանանա: Մենք հստակ կներկայացնենք, թե ինչպես ենք սուբսիդավորելու, որքան և ինչ ուղղություններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:
Իգնատի Առաքելյանը նաև նշեց, որ առաջին հերթին ուշադրություն են դարձնելու գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետության բարձրացմանը: Նա հայտնեց, որ նախատեսում են ավելացնել լիզինգային ծրագրի ցուցակը և բացի գյուղտեխնիկայից այդ ցանկում ներառել նաև փոքր ջերմոցային տնտեսություններ և այլ սարքավորումներ, որոնք գյուղացուն հնարավորություն կտան ավելի որակյալ արտադրանք ունենալ: