ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՓՄՁ-ՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` մայիսի 29-ին, տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում գործադիրը որոշել է, որ տնտեսական բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ փուլում ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու, տնտեսության արդի մարտահրավերները հնարավորինս արագ հաղթահարելու, փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների շահերը համակողմանի պաշտպանելու նկատառումով եւ ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասով եւ 89-րդ հոդվածի 4-րդ կետով ՀՀ կառավարությունը որոշել է, որ 2009թ. հունիսի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 1-ը «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինները, բացառությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, 2008թ. արդյունքներով մինչև 70 մլն դրամ շրջանառություն (այդ թվում` ավելացված արժեքի հարկը) ունեցած ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ չեն կարող իրականացնել, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսնված դեպքերի, անձանց իրավունքների, կյանքի եւ առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերի` միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ, ՓՄՁ ղեկավարի գրավոր դիմումի հիման վրա, ՓՄՁ սուբյեկտը լուծարելիս։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Սա իրոք աննախադեպ որոշում է, որը կայացնում է այսօր կառավարությունը։ Մենք այս որոշումը կայացնում ենք ՀՀ նախագահի հանձնարարականով` նպատակ ունենալով առավել բարենապաստ պայմաններ ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկությունների համար` ճգնաժամի բացասական ազդեցությունները հաղթահարելու նպատակով։ 2009-2010թթ. մենք դադարեցնելու ենք ՓՄՁ-ների տեսչական ստուգումները։ Շուրջ 22 տեսչական ստուգում իրականացնող մարմին կա ՀՀ-ում։ Բացառությունը վերաբերելու է այն դեպքերին, երբ մենք գործ ունենք մարդկանց առողջության, պետության անվտանգության ապահովման հետ։ Բայց այդ բացառիկ դեպքերն էլ լինելու են վարչապետի հսկողությամբ եւ միայն վարչապետի գրավոր համաձայնությամբ։ Համոզված եմ, որ մեր հակաճգնաժամային դիմադրողականությունը այս առումով կավելանա»։