Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Հայաստանի Հանրապետություն. Ի՞նչ դեր կունենա սղաճը Թուրքիայի նախագահական ընտրություններում
31/05/2018 10:43
Կիսվել

Հայաստանի Հանրապետություն. Ի՞նչ դեր կունենա սղաճը Թուրքիայի նախագահական ընտրություններում

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ու նախագահական վաղաժամկետ ընտրություններ՝ նախատեսվածից 17 ամիս շուտ։ Փաստորեն դրանք երկրի 2017թ. Սահմանադրության փոփոխությունից հետո առաջին ընտրություններն են։

Թեեւ իշխանությունները բազմիցս շեշտել էին, թե ընտրությունները տեղի կունենան նախատեսված ժամկետում, սակայն պայմանավորված ներքին եւ արտաքին որոշ զարգացումներով, դրանք անցկացվում են վաղաժամկետ։ Սիրիայում Թուրքիայի ռազմական որոշ հաջողությունները իշխող կուսակցությունը կարող էր որպես ձեռքբերում ներկայացնել ընտրողներին, մյուս կողմից, թեպետ պաշտոնական տվյալների համաձայն 2017թ. տնտեսական լուրջ աճ է արձանագրվել, սակայն սղաճն օր օրի ավելի նկատելի դառնալով՝ բնականաբար բացասաբար է անդրադառնում իշխող կուսակցության վարկանիշի վրա, ինչը չի կարող չանդրադառնալ ընտրությունների արդյունքներին։

Այժմ Թուրքիայում, թեեւ ոչ հավասար պայմաններում, հաշվի առնելով, որ ընտրությունները տեղի են ունենում երկրում հաստատված արտակարգ իրավիճակում, բայցեւայնպես բուռն քարոզարշավը շարունակվում է։ Սակայն իշխող կուսակցության ու Էրդողանի հաշվարկները այս առնչությամբ, թերեւս, կարելի է ասել, ձախողվել են, քանի որ նրանք կարծում էին, թե վաղաժամկետ ընտրություններով կարող են խույս տալ խորացող սղաճի հետեւանքներից։ Բայց ըստ երեւույթին նրանց կանխատեսումները չիրականացան, քանի որ դեռեւս տարեսկզբին սկսված սղաճը սրընթաց խորանալու միտում ունի, ինչը հանկարծակիի է բերել իշխանություններին։ Էրդողանը ստեղծված իրավիճակի մեղքը բարդում է ընդդիմադիր կուսակցությունների, եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի վրա։ Նա Սպարտայում ընտրողների առջեւ ունեցած ելույթում հայտարարել է, թե արտարժույթի շուկայում տիրող իրավիճակը ստոր դավադրության հետեւանք է, որի հեղինակները նպատակ ունեն տապալելու Թուրքիայում իշխող կառավարությունը, սակայն դա նրանց չի հաջողվի։ Նա նաեւ խիստ քննադատելով ընդդիմադիր թեկնածուներին, շեշտել է, թե արդյոք կարելի՞ է երկիրը հանձնել այնպիսի ուժերի, որոնք Թուրքիայի հեղինակությունը բարձրացնող նախագծերը մտադիր են հանել օրակարգից, ինչպիսին Ստամբուլի ջրանցքն է։ Նա առաջիկա ընտրությունները համարել է Թուրքիայի պատմության մեջ ամենակարեւորը, շեշտելով, որ դրանց արդյունքում վերջին 16 տարիների ձեռքբերումները կամ կհասնեն իրենց գագաթնակետին, կամ էլ կհանձնվեն երկիրն ու կառավարությունը թիրախ դարձրած դաշնակիցներին։

Մայիսի 23-ի դրությամբ թուրքական լիրան տարեսկզբի համեմատությամբ 27 տոկոս, իսկ եվրոն՝ 22 տոկոս արժեզրկում են արձանագրել։ Իրավիճակը կայունացնելու նպատակով կենտրոնական բանկը հայտարարել է, թե շտապ կարգով արտարժույթի շուկա է ներարկելու 2,2 միլիարդ, իսկ տարվա ընթացքում՝ շուրջ 10 միլիարդ  դոլար։ Այսուհանդերձ բնակչությունը, ուշադրության չարժանացնելով Էրդողանի՝ բարձի տակի դոլարներն ու եվրոները լիրայի վերածելու հորդորները եւ վարչապետի պնդումները, թե արտարժույթի գների տատանումները ժամանակավոր բնույթ են կրում, շարունակում է ոսկի գնել եւ լիրան արտարժույթի վերածել, ինչը եւս նպաստում է դրա արժեքի բարձրացմանը, քանի որ մտավախություն ունեն լիրայի արժեզրկման շարունակական լինելու առնչությամբ։ Այլ կերպ ասած՝ ներքին հարցերով Էրդողանն ու իր կուսակցությունը հայտնվել են արտարժույթի շուկայի տատանումների հորձանուտում, եւ առայժմ փրկության հույսը տեսանելի չէ։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ օտարերկրյա ներդրումները ոչ միայն կտրուկ կրճատվել են, այլեւ կապիտալը դուրս է գալիս Թուրքիայից։ Ստեղծված իրավիճակի համար ընդդիմադիր կուսակցություններն ու նախագահի թեկնածուները մեղադրում են կառավարությանը։

AKP-ն ու Էրդողանն իրենց ընտրարշավի սկզբում խոստացել են լուրջ պայքար մղել աղքատության դեմ, ալեվիներին խոստացել են աղոթատեղիներին օրինական կարգավիճակ շնորհել, թեեւ Էրդողանը նախկինում դրանց մասին խոսում էր ծաղրանքով ու արհամարհանքով, իսկ AKP-ն փաստորեն մերժել էր ալեվիների այդ պահանջը։ Խոստացել են նաեւ դատական իշխանությունը դարձնել լիովին անկախ կառույց, մինչդեռ սահմանադրական փոփոխություններով այն զգալիորեն զրկվել է անկախությունից։ Միաժամանակ խոստացել են ազգային եկամուտներն արդարացի բաշխել, սղաճը վերացնել ու բանկերում վարկերի տոկոսը կրճատել։ Մինչդեռ իշխանությունները սղաճը կասեցնելու նպատակով համաձայնել են այդ տոկոսները բարձրացնել եւ արդեն կրկնապատկել են։

Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ նախընտրական խոստումները եւս հույս չեն ներշնչում ընտրողին։ Մանավանդ լիրայի արժեզրկումը հիմնականում հարված է փոքր բիզնեսին ու միջին խավին, որոնք Էրդողանի օգտին քվեարկող ընտրազանգվածն են, որոնց վրա էլ առ այսօր նա հենվել է։ Եթե նախորդ ընտրություններում Էրդողանն ու նրա կուսակցությունն ընտրարշավին խոսում էին տնտեսական աճի ու կայուն իրավիճակի մասին, ապա այսօր մտահոգված են իրավիճակով։ Էրդողանի թիմը, ինչպես նշում են վերլուծաբանները, ջանք ու եռանդ չի խնայում մինչեւ ընտրությունները որեւէ ժամանակավոր լուծում գտնել։ Նման իրավիճակում բացառված չէ, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ լինի, ինչից Էրդողանը դժվարին վիճակում է հայտնվելու, քանի որ ընդդիմությունը միավորվելու է մեկ թեկնածուի շուրջ։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕՐԱԹԵՐԹ

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34