Երևանի սրտում գտնվող «Կամար» բիզնես կենտրոնը՝ գործարարի երազանքի քաղաք
Երևանի սրտում 2-3 ամիս առաջ իր գործունեությունն է մեկնարկել «Կամար» բիզնես կենտրոնը։ Հունիսի 14-ին «Բիզնես 24»-ը հնարավորություն ստացավ ծանոթանալու նորակառույց կենտրոնին և շփվելու նախագիծն իրականացրած անձանց հետ։
Ներկայիս կենտրոնի տարածքում նախկինում տեղակայված են եղել մի շարք պատմական կառույցներ: Ուշագրավ է այն փաստը, որ այս տարածքը միշտ ծառայել է գործարար դասին։ Պահպանվել է բոլորիս հայտնի «Սև» շենքը (Ամասիայի սև տուֆից, որտեղից էլ ստացել է իր անվանումը), որը կառուցվել է թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջյանի նախագծով՝ 1910 թվականին։ Այն եղել է ժամանակին տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքը։ Անիմջապես հարևանությամբ նաև 1926 թվականին կառուցվում է Գյուղատնտեսական բանկի շենքը, ճարտարապետ՝ Նիկոլայ Բունիաթյան, գաղափարի հեղինակ՝ Ալեքսանդր Թամանյան։ Պատմության ընթացքում այս շենքերը բազմիցս վերանվանվել են՝ հավատարիմ մնալով ֆինանսական գործունեությանը։
Ժամանակակից ճարտարապետության նմուշ «Ա» դասի բարձրակարգ գործարար համալիրը նույնպես շարունակում է ծառայել բիզնեսի զարգացմանը։ Շենքի ճարտարապետներն են՝ Ռուբեն և Միքայել Հասրաթյանները։ Մուտքը կամարի տեսք ունի, որը կարծես թե միացնում է կարևորագույն երկու պատմական շենք։ Ներկայիս կառույցը, իր նորարարկան լուծումներով, մնում է հավատարիմ ավանդությանը՝ կամարի պես կապելով հինը նորի հետ։ Դա նաև վկայում է մուտքի անմիջապես կենտրոնական հատվածում տեղակայված պղնձե ծառը (հեղինակներ՝ Դավիթ Երեւանցի և Ռուբեն Հասրաթյան), որը նույնպես ազգային մշակույթը ներկայացնող կյանքի ծառն է։
Նշենք նաև, որ ներկայիս կենտրոնը հավաստագրվել է BREEAM բրիտանական չափանիշների (էկոարդյունավետության գնահատման մեթոդաբանության) համաձայն։ Այն իր էկոարդյունավետությամբ գերազանցում է Հայաստանի գրեթե բոլոր շենք-շինություններին։
«Կամար» բիզնես կենտրոնի տնօրեն Արտաշես Կազախեթյանը պատմեց, որ մուտքի պատը ամենաբարձր կենդանի կանաչ պատերից մեկն է Եվրոպայում ։ Պատի վրա ուղղահայաց դիրքով տեղակայված են սև ծաղկամաններով բույսեր, որոնք, զտելով օդը, ապահովելով ջերմամեկուսացում և նվազեցնելով աղմուկը, յուրօրինակ միկրոկլիմա են ստեղծում շենքում գտնվողների համար։ Բացի դրանից, ինչպես նշեց վերջինս, նման դիզայներական լուծումը «կոտրում է քարի և ապակու սառնությունը»։
«Կամար» բիզնես կենտրոնի տնօրենից նաև տեղեկացանք, որ 9 վերգետնյա հարկ ունեցող շենքը գրեթե ամբողջովին վարձակալված է տարբեր ընկերությունների կողմից։
«Շատ քիչ ազատ տարածքներ է մնացել՝ ընդամենը 12-15 %։ Մեր կենտրոնում են հետևյալ ընկերությունները՝ Ամերիաբանկը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 9-րդ հարկում, «Philip Morris» ընկերության գլխավոր գրասենյակը, Բրիտանական դեսպանատունը շուտով կտեղափոխվի, Ասիական զարգացման բանկը, Ռոսգոստրախը և այլն»,- նշեց Արտաշես Կազախեթյանը։
Նրանից նաև տեղեկացանք, որ ընդհանուր նախագծի վրա ծախսվել է մոտավորապես 25 մլն ԱՄՆ դոլար։
Վերջում հավելենք, որ առաջին հարկում նաև շենքի հետաքրքիր պատմությունը պատմող թանգարան է կառուցվել, որտեղ մանրամասն ներկայացված են բացառիկ լուսանկարներ Երևանի, Թբիլիսիի արխիվներից, հավաքագրված է հսկայական ինֆորմացիա «Սև» շենքի, Գյուղատնտեսական բանկի շենքի, դրանց միջև տարբեր ժամանակներում տեղակայված տարատեսակ կառույցների և հարակից կառույցների, ընդհանուր հրապարակի վերաբերյալ։