Հովհաննես Ավոյան․ ստարտափ հիմնելիս ինձ համար մոտիվացիա էր մարդկանց համար դրական միջավայր ստեղծելը
Հունիսի 22-ին «Այբ» կրթական հիմնադրամը՝ Skill ընկերության հետ համատեղ, կազմակերպել էր «Հաջողության բանաձև» նախագծի հերթական վարպետության դասը, որն այս անգամ վարում էին PicsArt ընկերության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Ավոյանը և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ստարտափ հիմնելիս՝ ինձ համար մոտիվացիա էր մարդկանց համար դրական միջավայր ստեղծելը։ Իսկ ստարտափում աշխատելու ընթացում կարևոր է կատարած գործից հաճույք ստանալն ու ունենալով նպատակ, սկսելովով փոքր բաներից՝ մեծ բարձունքների հասնելուն ձգտելը»,- ասել է Հովհաննես Ավոյանը։
Համեմատելով ստարտափի աշխատանքը սար բարձրանալու հետ՝ Հովհաննես Ավոյանը նշեց, որ երկու դեպքում էլ ընթացքը հետաքրքրությամբ ու հաճույքով անցկացնելն է ստեղծում հնարավորություն՝ արդյունքի ողջ կուլմինացիան վայելելու համար։
«Վարպետին կրկնօրինակելը լավ է, ինչպես փաստում է չինական իմաստնությունը։ Մրցակիցներից սովորելը շատ ընդունված ռազմավարություն է՝ հատկապես, երբ արդյունքում ստեղծում ես արժեքավոր գործ»,- նշել է Հովհաննես Ավոյանն իր ելույթում։
Հանդիպումը շարունակեց Սամվել Մարտիրոսյանը։
«Եթե Google-ում ինչ-որ թեմայով կա 250-ից ավել նյութ, ապա մեկ շաբաթում ցանկացած մասնագիտությամբ կարող ես դառնալ փորձագետ։ Եթե դուք զգում եք, որ տիրապետում եք տվյալ մասնագիտությանը, հանգիստ ներկայացեք այդպես։ Մարդիկ կառչած են խոսքերից, կարևորն անունը լավ փաթեթավորելն է»,- ասել է մեդիա փորձագետը։
Վերջում, մեկնաբանելով իր հաջողության բանաձևը և անդրադառնալով իր աշխատանքային փորձին՝ Սամվել Մարտիրոսյանը նշել է,- «Իմ դեպքում հաջողությունն անիմաստ է։ Ես ոչ մի ոլորտում այնքան չեմ աշխատել, որ հասնեմ հաջողության։ Իմ անհաջողության բանաձևը բնածին ծուլությունս ու ներքին ցանկությունս է՝ ծուլությունն ու կոմպլեքսները հաղթահարելու»։