ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԴՄ-ՆԵՐՆ ԷԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՍՏՎԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ»
Չնայած Հայաստանում արձանագրված տնտեսական անկմանը` այս տարվա առաջին 4 ամիսների ցուցանիշերով հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) տվել են բավականին դրական արդյունք հարկահավաքման գործում, քանի որ հնարավորություն է ստեղծվել ապրանքաշրջանառության ծավալները ցույց տալ ավելի ամբողջական, քան դա հաջողվում էր նախկինում: Այսօր լրագրողներին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայաստանում վճարունակությունը նվազել է, կրճատվել են առավելապես Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից ստացվող մասնավոր տրանսֆերտները, սակայն ապրանքաշրջանառության եւ մանրածախ առեւտրի ծավալներն աճել են, եւ դրանում, վարչապետի համոզմամբ, կա նաեւ ստվերային տնտեսության մեծ ծավալի բացահայտում, ինչը պայմանավորված է ՀԴՄ-ների կիրառմամբ: «ՀԴՄ-ներն էական նշանակություն են ունեցել»,-ասաց ՀՀ վարչապետը: