3 տարածված սխալ, որն անում են բոլոր ստարտափները Crowdfunding իրականացնելու ընթացքում
Crowdfunding-ը ֆինանսների հայթայթման հարմարավետ հարթակ է, որի միջոցով ստարտափները կարողանում են շատ կարճ ժամանակում ստանալ անհրաժեշտ ներդրումներ՝ իրենց ապրանքը միջազգային շուկա դուրս բերելու համար։
Շատերին թվում է, թե նման արշավ կազմակերպելը հեշտ գործընթաց է, և իրենցից այն որևէ լուրջ ջանքեր չի պահանջի։ Ապա պարզվում է, որ ներդրումները գալիս են որոշակի աշխատանք տանելու արդյունքում։
«Բիզնես 24»-ի հետ զրույցում միջազգային ճանաչողություն ունեցող «The Crowdfunding Formula» կազմակերպության համահիմնադիր Նարեկ Վարդանյանը պատմեց արշավի առանձնահատկությունների, ստարտափների հիմնական սխալների, իրենց կողմից մշակված շուկայի ուսումնասիրման համար մեթոդոլոգիաների մասին։
-Ինչու՞ որոշեցիք զբաղվել հենց Crowdfunding-ով։ Արդյոք ունեցել եք նման արշավ կազմակերպելու անձնական փորձ։
-Գաղափարը մեզ մոտ ծագել է 3 տարի առաջ, երբ ինքներս որոշեցինք Crowdfunding-ի միջոցով տարածել մեր մոբայլ հավելվածը։ Արդյունքում հավաքեցինք ընդամենը 15 ԱՄՆ դոլար։ Նման արդյունքը ստիպեց մեզ արդեն լրջորեն ուսումնասիրել շուկան՝ պարզելու համար, թե որտեղ էր մեր սխալը։ Բավական երկար ժամանակ ուրիշների փորձը ուսումնասիրելուց հետո որոշեցի գրել Crowdfunding-ի մասին մի գիրք՝ «57 secrets of crowdfunding», և տեղադրել Amazon-ում։ Շատ կարճ ժամանակում այն դարձավ բեսթսելեր, և մարդիկ սկսեցին դիմել ինձ արդեն որպես այդ ոլորտի մասնագետի։ Այս հաջողությունը ստիպեց ինձ և իմ ընկերներին կազմակերպել մարդկանց աջակցող թրեյնինգներ՝ տեսանյութի տեսքով։ Մեր այդ թրեյնինգները գրավեցին 300-400 մարդ ամբողջ աշխարհում։ Դրանից հետո արդեն սկսեցինք զբաղվել Crowdfunding արշավների կազմակերպմամբ և այս ընթացքում հասցրել ենք աջակցել մոտ 100-ից ավել ստարտափների։
-Կնշե՞ք ձեր անհաջող արշավի հիմնական սխալը։
– Նախ ասեմ, որ հարթակում հավաքվում են այնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են ձեռք բերել հետաքրքիր և նորարական ապրանքներ, որոնք չեն վաճառում որևէ խանութում, նույնիսկ՝ Amazon-ում։ Իսկ մենք ներկայացրել էինք մոբայլ հավելված, որն այդ լսարանի նախասիրություններից դուրս էր։
-Ինչպե՞ս եք հասկանում, որ նախագիծը կհաջողի։
– Նախ ուսումնասիրում ենք շուկան՝ հասկանալու համար նախկինում նմանատիպ նախագծեր եղել են, և, եթե եղել են, որքանով են հաջողել։ Եթե մեզ ներկայացված պրոդուկտը նախկինում հայտնի չի եղել, ապա դրա համար մենք ունենք հատուկ մշակված մեթոդոլոգիա, որը միշտ աշխատում է։ Մենք ստեղծում ենք պարզունակ մի վեբ կայք, որը բաղկացած է երեք էջից։ Առաջին էջում տեղադրում ենք տվյալ պրոդուկտը ներկայացնող հակիրճ նկարագրություն և կողքը՝ «իմանալ ավելին» կոճակը։ Այն սեղմելուց հետո բացվում է երկրորդ պատուհանը, որտեղ արդեն պրոդուկտի մասին շատ ավելի երկար նկարագրությունն է, արժեքը և «գնել հիմա» կոճակը։ Այսկերպ մենք ինտեգրում ենք Google Analytics կայքը և հետևում ենք տոկոսներին։ Եթե առաջին էջից դեպի երկրորդ էջ անցում է կատարել ենթադրենք 20% այցելու, սա արդեն խոսում է այն մասին, որ գաղափարը հետաքրքիր է։ Եթե այցելուների ասենք 3%-ը սեղմել է հաջորդ կոճակը, ապա դա ամենամեծ հաստատումն է, որ ապրանքն ունի հստակ գնորդ։ Ծախսելով այդ կայքի վրա ընդամենը 200 դոլար, ներառյալ ֆեյսբուքի գովազդը, անում ենք ապրանքի վերաբերյալ հստակ կանխատեսումներ։
– Նախորդների սխալը ինչպե՞ս եք օգտագործում։
– Օրինակ՝ Volterman-ի պարագայում մինչև այդ շուկայում ներկայացված են եղել բազմաթիվ smart wallet-ներ (խելացի դրամապանակներ-խմբ․)։ Ուսումնասիրելով բազմաթիվ օգտատերերի արձագանքներ՝ մենք գտանք, որ նախորդների հիմնական սխալը եղել է ստեղծել դրամապանակ՝ սահմանափակ հնարավորություններով։ Մարդիկ մասնավորապես նշում էին, որ այն աշխատում է ընդամենը 20 մետրի վրա և այդ իսկ պատառով բացարձակ արդյունավետ չի։ Դրանից ելնելով՝ մենք առաջարկեցինք հեղինակին և ինժեներին մտածել մի այնպիսի տեխնոլոգիա, որը կընդլայնի դրամապանակի գործածության տարածքը։ Այսինքն՝ աշխարհի ցանկացած կետում այն որևէ տեղ մոռանալու դեպքում, դրամապանակի տերը կստանա զանգ։ Ինժեները մեր առաջարկած խնդրի լուծումը գտավ, ինչն էլ հետագայում ավելացրեց նման խելացի դրամապանակների նկատմամբ եղած պահանջարկը։
– Որո՞նք են ճիշտ արշավ սկսելու հիմնական քայլերը։
– Մինչև բուն արշավ սկսելը մենք 3 ամիս նախապատրաստվում ենք։ Նախևառաջ պատրաստում ենք ներկայացվող պրոդուկտը գովազդող տեսանյութը, որը պետք է իր մեջ պարունակի թիմի մասին տեղեկատվություն, հումորային տարրեր, էմոցիաներ, վերջում՝ call to action-ի կոչ և այլն։ Դրանից հետո մենք հավաքագրում ենք պրոդուկտով հետաքրքրված անձանց կոնտակտային տվյալները։ Այսինքն, եթե մարդը հետաքրքրված է պրոդուկտով, կարող է հատուկ մեր կողմից հատկացված անկյունում թողնել իր էլետրոնային հասցեն, որպեսզի մենք իրեն ուղարկենք պրոդուկտին առնչվող յուրաքանչյուր նորություն։ Եվ երրորդը, որը շատ կարևոր է, ներգրավում ենք հայտնի լրագրողների և բլոգերների, որոնք ունեն մեծ լսարաններ։ Օրինակ՝ Volterman-ի պարագայում մեդիայի ներգրավածությունը շատ օգնեց արշավին։
-Կնշե՞ք երեք տարածված սխալ, որն անում են Crowdfunding-ի ժամանակ։
– Ամենաառաջին սխալն այն է, որ շատերն իրենց հույսը դնում են բախտի կամ ընկերների վրա՝ սպասելով օդից եկող ներդրումների, որոնք այդպես էլ չեն գալիս։
Երկրորդը՝ սխալ ապրանք են ներկայացնում։
Երրորդը՝ նախաձեռնում են արշավ՝ առանց լուրջ նախապատրաստական աշխատանքի։
-Լսարանի հետ կապված ի՞նչ հետաքրքիր վիճակագրական տվյալներ ունեք։
-Crowdfunding-ով հետաքրքրված են ամենաշատը ԱՄՆ-ում՝ 30-40%, ապա Կանադայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Սա պայմանավորված է երկրի կենսամակարդակով, քանի որ բոլոր նրանք, ովքեր գնում են ապրանք նման հարթակում, նախապես գիտակցում են, որ այն միանգամից չի առաքվելու և շատ ավելի թանկ է, քան այլ խանութներում։ Հարթակով հետաքրքրված են շատ ավելի տղամարդիկ քան կանայք՝ 65%-ը 35%-ի դիմաց։ Իսկ տարիքը՝ 30-45։