
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԿԱՐՏԱՀԱՆՎԻ
Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա կարտահանվի, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե նախապատրաստական աշխատանքները երբ կավարտվեն:
«Թուրքիայի հետ էլեկտրաէներգիայի առուվաճառքի գործընթացի կազմակերպումն այնքան էլ հեշտ չէ: Մենք բավականին լավ փորձ ունենք, աշխատել ենք Վրաստանի եւ Իրանի հետ: Սակայն Թուրքիայի համակարգի հետ աշխատելու փորձ չունենք: Դա տեխնիկական պարամետրերի համադրում է պահանջում»,- ասաց Ա.Մովսիսյանը: Ըստ նրա` Հայաստանի պայմանագիրը թուրքական կոմերցիոն ընկերության հետ է, քաղաքական նախապայման չկա: