Տնտեսական

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 71.24+0.28 WTI - 67.15+0.30
COMEX:  GOLD - 2594.40+1.05 SILVER - 30.71+1.22
COMEX:  PLATINUM - 956.30+1.09
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.73+0.25 EUR/GBP - 1.054-0.01
FOREX:  EUR/USD - 1.054-0.01 GBP/USD - 1.2622+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Մասիսում կառուցվելիք բուսական յուղերի գործարանի հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը
12/12/2018 14:30
Կիսվել

Մասիսում կառուցվելիք բուսական յուղերի գործարանի հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը

Մասիսում բուսական յուղերի գործարան կկառուցվի: Եվ գործարանի հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը, որի արտահանման պայմանավորվածությունները արաբական շուկայի գործընկերների հետ արդեն կան: Մենք, իհարկե, այս ծրագրի հետ կապված մանրամասներին դեռ կանդրադառնանք: Իսկ այժմ կխոսենք այս մշակաբույսի՝ Հայաստանի համար իբրեւ հեռանկարային դիտարկելու պատճառների մասին (այս շարքում կտավատի թեման ներկայացրել ենք):

Կտավատն էլ, քունջութն էլ մշակաբույսեր են, որոնք Հայաստանի համար նորություն չեն: Դրանց մասին տեղեկություններ կան: Պարզապես պատմական մի ժամանակաշրջանում չմշակվելով (արդյունաբերական ծավալներով նաեւ), կարծես մոռացության են մատնվել: Բայց միջազգային ագրարային գործընթացները մեզ հուշում են, որ մոռացված հինը լավ էլ կարող է նորություն լինել եւ մեր մշակին եկամուտ բերել՝ դրական բոլոր հետեւանքներով հանդերձ:

Ուշագրավ է, որ քունջութի մասին գրավոր աղբյուրներ փնտրելիս նկատեցի (ի դեպ, այդպես էր նաեւ կտավատի պարագայում), որ այն գրեթե մշտապես համատեղ նշվում է բամբակի եւ չալթուկի ու վուշի հետ: Երբ շենգավիթյան պեղումները հայտնաբերեցին նախաուրարտական եւ ավելի վաղ երկրամշակութային-հնագիտական շերտեր, պարզ դարձավ, որ Ուրարտուում արհեստներն ու արվեստները, գյուղատնտեսությունն ու անասնապահությունը զարգացած են եղել: Այստեղ գարեջուր եւ ժամանակի աշխարհում պահանջարկ վայելող քունջութի յուղ են պատրաստել: Բայց արդի աշխարհում քունջութի հայրենիքը մեկ Աֆրիկայի, մեկ Հնդկաստանի տարածքն է համարվում… Ինչեւէ, քունջութի սերմերից դեղամիջոցներ ունենալը հստակ փաստի մասին է խոսում՝ դրա երկարատեւ կիրառման, արդյունավետ մշակման, օգտակար հատկությունների իմացության եւն:

Հետաքրքիր տեղեկություններ կան Արմավիրի քունջութի յուղի որակի մասին: Չեմ հիշում, որտեղ եմ կարդացել, բայց ասվում էր, որ ցարական Ռուսաստանից Լոնդոն ցուցահանդես մեկնած Նիկոլայ Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում է եղել արմավիրցի մեծահարուստ Գ. Տեր-Հարությունյանը: Եվ նա իր հետ տարել էր ոչ միայն քունջութի յուղը, այլեւ Արմավիրի բամբակը:

Էջմիածնի վանական տնտեսությունում քունջութի մշակման մասին են խոսում վանքի 1739-1759 թթ. ելից-մտից մատյանները (Հ. Վ. Թորոսյան): Նշվում է, որ էջմիածնի վանական տնտեսությունում երկրագործական մշակությունների մեջ մեծ տեղ էր հատկացված նաեւ տեխնիկական կուլտուրաներին: Վանքի մատյաններում, օրինակ, որպես գարնանային ցանք թվարկվում են բամբակը եւ քունջութը, չնայած չի նշված այդ կուլտուրաների զբաղեցրած տարածության չափը: Ուսումնասիրողն ասում է նաեւ, որ այդ մատյաններում թեեւ համեմատաբար սուղ են տեղեկությունները քունջութի մշակության մասին, սակայն վանքի ձիթհանների մասին Սիմեոն Երեւանցու հայտնած վկայությունները հավաստում են տեխնիկական այդ կուլտուրայի տարածվածության մասին: Ըստ Ի. Շոպենի, վանքի հողատարածություններում իբրեւ գարնանային ցանք քունջութը զբաղեցրել է 4,5 խալվար ցանովի տարածություն, որից ստացվել է մոտ 1500 փութ բերք:

Արեւելյան Հայաստանում, նախասովետական շրջանում, բավականին զարգացած է եղել բուսական յուղերի արտադրությունը: Նույնիսկ արտահանումն է բավական հաջող արվել: Քունջութ ցանում էին Նախիջեւանի, Երեւանի, Էջմիածնի, Սուրմալուի, Շարուրի եւ այլ գավառների հարթավայրային տաք շրջաններում: 1870-ական թվականներին միայն Երեւանի եւ Էջմիածնի գավառները տարեկան տալիս էին ավելի քան 100 հազար փութ քունջութի սերմնահատիկ (տվյալը «Բուսական յուղերի արտադրությունը Արեւելյան Հայաստանում»-ից է, 19-րդ դար, երկրորդ կես, Գոհար Առաքելյան): 3-4 օրվա ընթացքում մշակվում էր 1 խալվար (30 փութ) քունջութ (30-50 ռուբլի արժողությամբ), որից ստացվում էր 6-7.5 փութ յուղ: Պարզվում է՝ ձիթհանի տերն էլ տարբեր ձեւերով էր աշխատում. մի դեպքում շահավետ գներով հումքը գնում էր գյուղացիներից՝ արտադրանքը վաճառելով շուկայում, իսկ մյուս դեպքում մշակում էր գյուղացու սերմ-հումքը եւ որպես վարձատրություն վերցնում էր ստացված արդյունքի կամ դրա արժեքի որոշ մասը: Ձեռնարկատերը 1 փութ քունջութի յուղի դիմաց վերցնում էր 1 ռուբլի 50 կոպեկ վարձք: Սա ավելին էր, քան կտավատի յուղի դեպքում՝ 1 ռուբլի:

Այս, այսպես ասենք, ձեռագործ արտադրությունների կողքին 1880-1890-ականներին ի հայտ եկան նոր սարքավորումներ ու արտադրության առաջավոր եղանակներ կիրառող ձիթհաններ: Խոսքն, օրինակ, շոգեշարժ սարքերի մասին է: Նույն աղբյուրի համաձայն՝ 1883 թ. Էջմիածնի գավառի Վաղարշապատ գյուղում տեխնիկ Լ. Խանաղովի ջանքերով ու միջոցներով գործարկվեց շոգեշարժ յուղհանքը, որն առաջինն էր Երեւանի նահանգում: Մի տվյալ էլ է մեջբերվում՝ պատկերացում տալու համար ձեռագործ ու շոգեշարժ արտադրությունների տարբերության մասին: Եթե առաջինում մի ճող սերմնահատիկը մշակվում էր 3 օրվա ընթացքում, ապա երկրորդում՝ ընդամենը 4 ժամում: Լ. Խանաղովի ձեռնարկությունում թեեւ տարբեր բուսական սերմնահատիկներ էին մշակվում, բայց արտադրության առանցքը քունջութն էր ու վուշը: Մեկ այլ տվյալ էլ կա. «Եթե տեղական հին միջոցներով, օրինակ, քունջութի 100 ֆունտ սերմից քամվում էր 33 ֆունտ բուսական յուղ, ապա Խանաղովի շոգեշարժ ձիթհանքը նույնքան սերմից ստանում էր 42 ֆունտ, այն էլ բարձր որակի»:

1870-ականներին միայն Երեւանի ու Էջմիածնի գավառները տալիս էին տարեկան 100 հազար փութ քունջութի սերմ: Բայց հետո անկում եղավ: Ամբողջ նահանգն էր տալիս 27330 փութ, իսկ 1990թ. արդեն՝ ընդամենը 8227 փութ: Բայց նույն աղբյուրում ասվում է նաեւ, որ սա մասամբ պետք է բացատրել նաեւ անբերրիությամբ:

Ի տարբերություն քունջութի, կտավատի յուղատեսակների արտադրությունն ավելի երկար տեւեց, «քանի որ կտավատի յուղը համեմատաբար քիչ էր արտահանվում եւ կենտրոնացված էր երկրի լեռնային շրջաններում, որոնք առավելապես մեկուսացված էին արտաքին շուկաներից»:

Հետո Արեւելյան Հայաստանում սկսվեց սովետական շրջանը եւ… կուլակաթափության քաղաքականությունը շատ բան փոխեց գյուղոլորտում. ձիթհանների տերերը այլեւս հարուստներ էին: Ձիթհանները դատարկվեցին…

Հիմա՝ Հայաստանում «կնճութ», «կնջիթ» եւ «կանճութ» անուններով հայտնի քունջութի մշակման վերսկսում պե՞տք է արդյոք եւ եթե այո, ապա ինչու՞: Ի՞նչ վիճակ է հիմա, ի՞նչ հեռանկարներ կան եւ ի՞նչ կտա նյութի սկզբում ասված գործարանի կառուցումը: Այս ամենի մասին հաջորդիվ կխոսենք:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00