Արենի գյուղը կընդգրկվի սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Նիստի ընթացքում որոշվել է, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթներն այսուհետ կտարածվեն նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչների վրա: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Արենի գյուղը սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում ընդգրկվելու առաջարկությունն արվել է՝ հաշվի առնելով բնակավայրի և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հեռավորությունը հակառակորդի առաջնագծից։ Արդյունքում կբարելավվի Արենի բնակավայրի ընտանիքների կենսապայմանները. նրանք կստանան բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցում։