Պարոն 5 տոկոսը․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքը՝ մեկ գրքում
Օսմանյան կայսրությունում ծնված ազգությամբ հայ նավթային գործչի կյանքը շատ բան ունի սովորեցնելու ժամանակակից աշխարհին։ Այն ամփոփվել է Ջոնաթան Քոնլինի «Պարոն 5 տոկոսը. աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի տարբեր կյանքերը» գրքում, որը լույս է տեսել վերջերս, Մեծ Բրիտանիայում:
Գալուստ Գյուլբենկյանը նավթահանք տեսել էր ընդամենը մեկ անգամ՝ Բաքու կատարած այցի ժամանակ, երբ 19-ամյա պատանին նոր էր ավարտել Լոնդոնի King’s քոլեջը։ Նա շատ արագ ընկալեց նավթի կարևորությունը՝ որպես արտադրանք և միջազգային շուկայում մրցակցություն ժառանգելու հնարավորություն։
Ինչպես նշում է The Guardian պարբերականը, Լոնդոնում ձեռնարկատիրության ոլորտում ստացած իր կրթությունը օգնեց Գյուլբենկյանին՝ Մերձավոր Արևելքում հասատելու գերազանց շփումներ, իսկ Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող ասիական տարածքներում դառնալ գտնված նավթի 5 տոկոսի եկամուտի տերը։ Գործարքը կնքվեց համաշխարհային առաջին պատերազմի նախօրեին։ Գյուլբենկյանը մեծ ջանքերի գնով այդ տարիներին պահպանեց իր հարստությունը, իսկ 1950-ականներին նա դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը։ Երբ նա մահացավ, իրենից հետո թողեց 5 մլրդ ֆունտ կարողություն։
Գյուլբենկյանը բարդ բնավորություն ուներ, սակայն օժտված էր բանակցելու կարողությամբ։ Նրա բանակցային հմտությունների շնորհիվ Խորհրդային Միությանը պատկանող արվեստի գործերի վաճառք է իրականացվել, որի հետևանքով այսօր Էրմիտաժում բացակայում են Ռեմբրանդտի մի քանի կտավներ:
Նա սիրում էր Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, որտեղ էլ պահում էր իր արվեստի գործերը, ստեղծում հանգստի համար այգիներ, բայց ներդրումներ չէր անում այդ երկրներում՝ խուսափելով հարկերից։ Հենց այս պատճառով էլ Համաշխարհային Երկորդ պատերազմի ընթացքում նա Պորտուգալիայում էր։
Եթե Գյուլբենկյանն ապրեր մեր օրերում, նման կլիներ ժամանակակաից օլիգարխի, ով օվշորներ ունի այլ երկրներում։
Նա Լիխտենշտեյն կազմակերպության միջոցով ձեռք է բերել բաժնետոմսերի և պարտատոմսերի պորտֆոլիո, որը կոչվում է Anstalt Vega։ 1931 թ. վճարել է ընդամենը 100 շվեյցարական ֆրանկ` 4.6 մլն ֆունտ արժեքով ակտիվների համար (այսօրվա գումարով՝ 288 մլն ֆունտ ստեռլինգ):
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, երբ սկսվեց վերականգնվել համաշխարհային տնտեսությունը, մեծ տերությունները հանդուրժող չէին կապիտալները հարկումից պահող գործարարների հանդեպ, ուստի Գյուլբենկյանը մնաց Պորտուգալիայում՝ չցանկանալով վտանգի տակ դնել իր հարստությունը։
Ջոնաթան Քոնլինը գրում է, որ Գյուլբենկյանը ցանկանում էր Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում թանգարան հիմնել, սակայն հարկային ռիսկերով պայմանավորված՝ իր անունը կրող հիմնադրամը և թանգարանը հիմում է Պորտուգալիայում: «Գյուլբենկյան» հիմնադրամն այսօր Եվրոպայում գործող ամենախոշոր բարեգործական հիմնադրամներից է:
Նշենք, որ Ջոնաթան Քոնլինը մեծ աշխատանք է կատարել «Գյուլբենկյան» հիմնադրամի արխիվներում, քանի որ գործարարն իր վաղ շրջանի նամակագրության մի մասը վարել էր օսմաներեն և հայերեն: