ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ – ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ ԼՈՒՐՋ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ Է ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
ՀՀ կառավարությունն այս տարի միջազգային կառույցներից լուրջ վարկային ռեսուրսներ է ներգրավել: Դեռեւս միջոցների ստացում է սպասվում Համաշխարհային, Ասիական զարգացման բանկերից, Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Ռուսաստանից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` նշելով, որ արդյունքում ՀՀ բյուջետային վարկերի չափը կկազի շուրջ 800 մլն դոլար: Ոչ բյուջետային եւ լրացուցիչ այլ վարկերը` ուղղված տնտեսության մի շարք ճյուղերի զարգացմանը, կկազմեն մինչեւ 1 մլրդ դոլար:
Նախարարը նշեց, որ, իհարկե, Հայաստանի արտաքին պարտքի չափը բավականին ավելանում է, «սակայն աշխարհում սովորաբար արտաքին պարտք/ՀՆԱ մինչեւ 50 տոկոս հարաբերակցությունը համարվում է ոչ ռիսկային»: Իսկ Հայաստանը դեռ հեռու է այդ ցուցանիշից:
Նշենք, որ Հայաստանի արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին այս տարեսկզբի դրությամբ կազմել է շուրջ 13, ներքին պարտքի հարաբերակցությունը` ավելի քան 2 տոկոս: