Աշխարհի ամենաթանկ գեղանկարն անհետացել է
Լուվրի՝ Աբու Դաբիում գտնվող մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» գեղանկարը, հայտնում է New York Times թերթը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ըստ հրատարակության՝ Լուվրի՝ ԱՄԷ մայրաքաղաքում գտնվող մասնաճյուղը 2018թ. սեպտեմբերին չեղարկել է գեղանկարի շնորհանդեսն «առանց պատճառների բացատրության»։ Ընդ որում, Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտը հրաժարվել է պատասխանել հարցերի, սակայն, ինչպես անանուն հայտարարել են մասնաճյուղի աշխատակիցները, նրանք «չունեն կտավի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն»։
New York Times-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Փարիզի Լուվրը նույնպես չի կարողացել որոշել, թե որտեղ է գտնվում «Աշխարհի փրկիչ»-ը գեղանկարը։ Ընդ որում, Ֆրանսիայի պաշտոնատարները հույս ունեն, որ այն կգտնեն, և ծրագրում են կտավը ներառել Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակին նվիրված ցուցադրությանը։
2017թ. նոյեմբերին «Աշխարհի փրկիչ»-ը նկարը վաճառվել է մասնավոր հավաքորդի՝ արվեստի գործերի համար ռեկորդային 450 մլն դոլար արժեքով (ներառյալ Christie’s-ի աճուրդի կոմիսիոն վճարը)։ New York Times-ի տվյալներով՝ կտավը ձեռք է բերել սաուդացի արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամեդ բեն Ֆարհան Ալ Սաուդը։ Աբու Դաբիի իշխանությունները ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից։
2017 թվականին Աբու Դաբիում բացված Լուվրը Ֆրանսիայի սահմաններից դուրս գտնվող միակ թանգարանն է, որին թույլ է տրված օգտագործել Լուվրի օրիգինալ բրենդը։