Ժողովուրդ. Հուրգադայում ՀՀ քաղաքացիներին տեղափոխող չվերթի չեղարկումից հետո ՏՄՊՊՀ–ն ստուգումներ է սկսել տուրընկերություններում
«Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։ «Ժողովուրդ» օրաթերթին ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ սկսել են ուսումնասիրություններ իրականացնել տուրընկերություններում։ Ապա փոխանցեցին, որ արդյունքների մասին առաջիկայում կհրապարակեն։ Թե ինչ թերացումներ ու խախտումներ կհայտնաբերի հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանձնաժողովը սկսել է տուրընկերություններում ուսումնասիրություններ անցկացնել Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների մասին դեպքերից հետո։ Ի դեպ, քաղաքացիներին նման իրավիճակում գցած «Էյ ընդ Ար տուր» ընկերությունում այս ընթացքում եւս ստուգումներ են իրականացվում։
Ինչպես հայտնի է, Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար կառավարությունը հատկացրել է ընդհանուր 47.1 մլն դրամ, քանի որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում էր 119 ՀՀ քաղաքացի։ Իսկ չվերթը չեղարկվել էր «Էյ ընդ Ար տուր» հայկական տուր օպերատորի կողմից հունական «Orange to Fly» ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Բացի այս, չեղարկվել էր նաեւ հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երեւան չվերթը։ Եւ ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել հունական «Spot Air» ընկերության հետ Հուրգադա-Երեւան երկու չվերթ կազմակերպելու համար։ Բայց հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար ԵԱՀ ՀՀ դեսպանությունից ավիաընկերությանը պահանջել էր մինչեւ թռիչքի իրականացումը կանխիկ վճարել 47 մլն 198 հազար դրամ։ Մյուս կողմից՝ նկատենք, որ այս պահի դրությամբ հայտնի չէ՝ ընկերությունը պետական բյուջե հետ կվերադարձնի նշված գումարը, թե ոչ։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխ վարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարազ Սիսեռյա նից հետաքրքրվեց՝ ինչ քայլեր են ձեռնարկվում 47.1 մլն դրամը պետական բյուջե փոխհատուցելու ուղղությամբ։ Հարցին ի պատասխան՝ Սիսեռյանն արձագանքեց. «Այդ հարցով մեր գրասենյակը չի զբաղվում։ Դրա համար կան իրավապահ մարմիններ»։ Մեր հեռախոսազանգերին «Էյ ընդ Ար Տուր» ընկերությունից եւս չպատասխանեցին, հեռախոսահասարներն անջատված են։», – գրում է Ժողովուր օրաթերթը