Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի խնդիրները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում, որը նախագահել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը։
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վարոս Սիմոնյանը նշել է, որ հանդիպման նպատակն է հավաքագրել գործարար համայնքին հուզող հարցերը և համատեղ ջանքերով գտնել խնդիրների արդյունավետ լուծումներ։
Տիմուր Ժակսիլիկովը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործարարների խնդիրները հիմնականում նման են, սակայն կան նաև առանձնահատկություններ, որոնցից մեկն, օրինակ, Հայաստանի պարագայում սահմանն անցնելու հետ կապված խնդիրներն են։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր քննարկումից հետո բարձրաձայնած հարցերը հավաքագրվում, դասակարգվում և փոխանցվում են պատկան մարմիններին՝ ուսումնասիրելու և լուծումներ առաջարկելու համար։
Հանդիպման ընթացքում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների կողմից հիմնականում ներկայացվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրում առկա խոչընդոտները, որոնք հավաքագրվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից՝ վերջիններիս վերացման մասով համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով։
Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների և բիզնես ասոցիացիաների այն հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, ծառայությունների միասնական շուկայի գործունեությանը, հարկմանը վերաբերող, ինչպես նաև այլ արդիական հարցեր, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում։