Արմեն Խաչատրյանը՝ բալային համակարգի ներդրման մասին. տեսանյութ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ զրուցել ենք բալային համակարգի մասին։ Պատգամավորին մտահոգում է պատահարների, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների քանակը։ Խաչատրյանը հույս ունի, որ իրավական կարգավորումները հնարավորություն կտան փոխել նաև վիճակագրությունը։
Պատգամավորը վստահեցնում է՝ փողոցների «բեռնաթափումը» բալային համակարգի ներդրման գերագույն նպատակը չէ, թեև օրերս ամենաաղմկոտ քննարկումներն այն մասին են, թե արդեն շատերը հասցրել սպառել միավորներն ու զրկվել վարորդական իրավունքից։ Խաչատրյանը շտապում է հանգստացնել՝ վիճակագրություն չկա, դեռ վաղ է խոսել վարորդական իրավունքից զրկված վցարորդների քանակի մասին. բալային համակարգն ընդամենը մի քանի օր է, ինչ գործարկվում է։
«Չեմ կարծում, թե մտահոգիչ իրավիճակ կստեղծվի, քանի որ արդեն նկատելի է, որ վարորդները սկսել են ավելի ուշադիր լինել, գոնե դիտավորությամբ խախտումներ չեն կատարում», – ասում է Խաչատրյանն ու հավելում՝ ճանապարհային երթևեկությունը կանոնակարգելու գործում դեռ շատ անելիք կա, այնպես որ միայն բալային համակարգի ներդրմամբ գործը գլուխ չի գա։ Ուշագրավ է, որ վարորդներն արդեն գտել են օրենքը շրջանցելու տարբերակներ։ Պատգամավորը ցավով է արձանագրում, որ մենք դեռ օրենքին հետևելու փոխարեն շրջանցելու հնար ենք գտնում։
«Եթե վարորդները փորձեն օրենքը շրջանցել կեղծիքներով, չեմ ասում, թե բոլորին գտնելու և պատասխանատվության են կանչելու, բայց հաստատ պատժվողներ կլինեն։ Ժամանակին նույն կերպ տեսախցիկներից էին փորձում խուսափել, այնուամենայնիվ, զգալի մասը բացահայտվել է», – ասում է Խաչատրյանն ու վարորդներին հորդորում պարզապես կարգապահ լինել։