Պաշտոնական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Նիկոլ Փաշինյան. 100 ՓԱՍՏ՝ տնտեսություն, ֆինանսներ և բիզնես
26/01/2020 16:07
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. 100 ՓԱՍՏ՝ տնտեսություն, ֆինանսներ և բիզնես

Կապան քաղաքում հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեցավ հերթական ասուլիսը, որտեղ ներկայացրեց «100 փաստ» իր կառավարության արձանագրած արդյունքների մասին։ Ներկայացնում ենք տնտեսության, ֆինանսների և բիզնեսի ոլորտներին վերաբերող փաստերը։

1. Երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին, Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է: Այսպիսով, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%:

2. 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը: Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում:

3. 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ՝ 90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ ավելի քան 30%-ով: 2020 թվականի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասցնելով ՀՆԱ-ի 4.1% մակարդակի՝ 2018 թվականի 2.5-ի և 2019-ի 3.3-ի փոխարեն: 2020 թվականին ընդհանուր առմամբ նախատեսված է 287.7 միլիարդ դրամի կապիտալ ծախս: 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր: Արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար, և դրանք քննարկվելու և վավերացվելու են Ազգային ժողովի կողմից:

4. 2020-ի պետական բյուջեով շուրջ 13%-ով ավելացել են սոցիալական նշանակության ու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները: Մասնավորապես՝

Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 20%-ով, 2018-ի համեմատ` 18%-ով, 2019-ի համեմատ՝ 11%-ով՝ կազմելով 492 մլրդ. դրամ:

Առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 37%-ով, 2018-ի համեմատ` 43%-ով, 2019-ի համեմատ` 24%-ով՝ կազմելով 113.7 մլրդ. դրամ:

Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 30%-ով, 2018-ի համեմատ` 32%-ով, 2019-ի համեմատ` 14%-ով՝ կազմելով 161.1 մլրդ. դրամ:

5. 2020 թվականին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 51%-ով, 2018-ի համեմատ՝ 74%-ով, 2019-ի համեմատ՝ 47%-ով և կազմել 195.4 մլրդ. դրամ (տնտեսական հարաբերություններ ասելով պետք է նկատի ունենալ տնտեսությանն առնչվող գրեթե բոլոր ճյուղերը՝ գյուղատնտեսությունից, ոռոգումից, տրանսպորտից մինչև տնտեսական մրցակցության պաշտպանություն): Բնակարանային շինարարությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 82%-ով, 2018-ի համեմատ՝ 2 անգամ (96%-ով), 2019-ի համեմատ` 27%-ով, և կազմում է 22.9 մլրդ. դրամ:

6. 2020թ. բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 64%-ով, 2018-ի համեմատ` 104%-ով, 2019-ի համեմատ` 91%-ով` կազմելով 110.2 մլրդ. դրամ: Ի թիվս ճանապարհների կառուցման և բարեկարգման համար նախատեսվող միջոցների՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի շարունակման համար 2020-ին նախատեսվում է հատկացնել 25.9 մլրդ դրամ՝ 2.4 անգամ ավել, քան 2019-ին, 66%-ով ավել, քան 2018-ին և 22%-ով ավել, քան 2017-ին: Գյումրու քաղաքային ճանապարհների վերականգնման համար 2020-ին հատկացվելու է 9.4 մլրդ. դրամ՝ գրեթե 3 անգամ ավել, քան 2019-ին:

9. 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:

10. 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ. 174 մլն. դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 մլն. դոլարով կամ 27.6%-ով, 2017-ի համեմատ 635 միլիոն դոլարով, կամ 41%-ով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453.8 մլն. դոլար, ինչը 68.7 մլն. դոլարով կամ 17.8%-ով ավել է, քան 2018-ի ցուցանիշը:

11. 2019թ. ընթացքում գերակա ոլորտներում Կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝ 212 մլրդ. դրամ ընդհանուր ներդրումային արժեքով: Հավանության արժանացած ներդրումային ծրագրերով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3,320 աշխատատեղ: 2018-ին հաստատվել է 43 ծրագիր՝ մոտ 195 մլրդ. դրամ ներդրումային արժեքով և 3283 ակնկալվող աշխատատեղով: Ընդհանուր ներդրումային արժեքի աճը կազմել է գրեթե 10%:

12. 2019թ. վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը կազմել է 2 մլրդ. 849 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 2018 թվականի վերջի նկատմամբ ավել է 590 մլն. դոլարով կամ 26%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 535 մլրդ. դոլարով կամ 23%-ով: 2019-ի ընթացքում ԿԲ-ն գնել է 565 մլն. դոլար և վաճառք չի իրականացրել: Սա բացառիկ ցուցանիշ է Երրորդ հանրապետության պատմության մեջ, որն ապահովում է Հայաստանի ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը:

13. Տեղի է ունեցել Եվրապարտատոմսերի 3-րդ թողարկումը՝ 500 մլն. ԱՄՆ դոլար ծավալով և 10 տարի մարման ժամկետով: Նոր թողարկման պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95% է՝ հետգնված պարտատոմսերի 6%-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը: Միայն այս գործողության արդյունքում Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման ընթացքում տարեկան կխնայի շուրջ 10 միլիոն դոլար:

14. 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի վերջի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ: Ցուցանիշները փաստում են, որ նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային և դրական տրանսֆորմացիայի մասին:

15. Զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3%` 2018-ի 46,8%-ի և 2017-ի 46,3%-ի փոխարեն: Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18%՝ 2018-ի 20,1%-ի և 2017-ի 19,9%-ի փոխարեն:

16. 2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 միլիոն 36 հազար 800 հատով կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն:

17. 2019 թվականին ՏՏ ոլորտի 230 կազմակերպություն ստացել է հարկային արտոնություններ, որոնց թվում Սփյուռքից դիմածների թիվը կազմում է շուրջ 30 ընկերություն, ընդանուր առմամբ ոլորտում ստեղծվել են ավելի քան 1200 նոր աշխատատեղեր: Արտոնության համար դիմել են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Ավստրիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից: «ՆերՈւժ» ծրագրի շրջանակներում աշխարհի 17 երկրներից (Վրաստան, Բելառուս, Չինաստան, Չեխիա, Էստոնիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Մալթա, Իռլանդիա, Լեհաստան, Իսպանիա, Լիբանան, Հարավային Կորեա, Ռուսաստան, ԱՄԷ, ԱՄՆ) Հայաստան են ժամանել ավելի քան 47 ընկերություններ, որոնցից հաղթողները կարժանանան դրամաշնորհի և կստանան Հայաստանում ապրելու և աշխատելու հնարավորություն։

18. 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.459.152, կամ աճը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 14.4%։ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը Ռուսատանի Դաշնությունից ավելացել է 76.2%-ով, Գերմանիայից՝ 2.2 անգամ, Ֆրանսիայից՝ 2.3 անգամ, Իտալիայից` 62.8%-ով, Նիդերլանդներից՝ 98.6%-ով, Իրանից՝ 13.3%-ով, Վրաստանից` 11.7%-ով, Կանադայից՝ 43.8%-ով, Ուկրաինայից՝ 31.7%-ով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելությունները աճել են 45.7%-ով:

19. 2019-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 319 հազար 618 մարդ:

2018-ին Հայաստան է ժամանել 3 միլիոն 757 հազար 187 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 3 միլիոն 398 հազար 137 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 921 հազար 475-ով, կամ 27.1%-ով ավել մարդ: 2019-ի արդյունքներով Հայաստան ժամանողների թիվը 10.506-ով ավել է մեկնողների թվից:

20. Մի շարք հեղինակավոր կազմակերպություններ և պարբերականներ Հայաստանը և Երևանը ներառել են զբոսաշրջության համար նախընտրելի ուղղությունների թվում: 2020-ի ոչ հայտնի զբոսաշրջային այցելությունների լավագույն տասնյակում Հայաստանն ընդգրկել են բրիտանական «The Telegraph», «Financial Times» պարբերականները, ամերիկյան «Forbes» պարբերականը։ Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում: Ըստ «Condé Nast Traveler» ամսագրի՝ ՀՀ-ն ընդգրկվել է ճանապարհորդության 2020 թվականի թոփ 20 ուղղությունների մեջ:

21. 2019-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9%-ով՝ կազմելով 2 մլրդ. 401 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 6.6%-ով՝ կազմելով 4 մլրդ. 830 մլն. ԱՄՆ դոլար։ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու նպատակներով Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում կունենա մաքսային կցորդ:

22. Կառավարությունը հաստատել է «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռելու գյուղատնտեսներին կառուցել ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող նոր ջերմատներ, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսություններն անցնելու են ցածրարժեքից դեպի բարձրարժեք գյուղատնտեսության: Ծրագրի իրականացման 3 տարիների ընթացքում նախատեսվում է արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով, բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում՝ տարեկան շուրջ 3600 տոննայով, ինքնարժեքի իջեցում, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում և այլն: Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել ջերմատների կառուցման ծախսերի շուրջ 1/3-ը, իսկ սահմանապահ գյուղերի բնակիչներին և զինհաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ծախսերի կեսը:

23. «Գյուղատնտեսության ոլորտի տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի տասնմեկ ամսվա օպերատիվ տվյալների համաձայն՝ արդեն տրամադրվել է շուրջ 8000 միավոր վարկ՝ 32 մլրդ. դրամի չափով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը աճել է շուրջ 73%-ով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 61%-ով: Ծրագրի շրջանակներում տրվում են 3-ից 15 միլիոն դրամ վարկեր՝ սահմանապահ բնակավայրերին` 0%-ով, գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3%-ով, այլ տնտեսվարողներին` 5%-ով:

24. 2019-ին լրամշակվել է խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը. տրամադրվել է 347.8 մլն. դրամ գումարի 13 միավոր վարկ 32.2 հա այգեհիմնման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.8 մլն. դրամ և մեկ շահառուի տրամադրվել է փոխհատուցում 1 հա այգեհիմնման համար՝ 7.04 մլն. դրամ արժեքով։ Նախորդող տարում ծրագրից օգտվել է ընդամենը մեկ անձ: Այս ծրագրող վարկերը տրամադրվում են 2%-ով, սահմանապահ գյուղերին` 0%-ով, 3 հեկտարից ավել այգի հիմնող գյուղատնտեսական կոոպերատիվներին` 0%-ով: 0.5-ից 10 հեկտար այգիների հիմնման համար տրվում է ծախսերի 50% փոխհատուցում:

25. 2019 թվականին մեկնարկել է «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակացության» ծրագիրը, որի շրջանականերում տրամադրվել է հավաստագիր 104 քաղաքացու և կնքվել է փոխհատուցման 12 պայմանագիր: Ծրագրի շրջանակներում պետությունը վերադարձնում է անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման համար արված ծախսերի 50%-ը, իսկ սահմանապահ գյուղերում և հաշմանդամություն ձեռքբերած զինվորականների պարագայում՝ 70%-ը:

26. Մեկնարկել է 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 304 գլուխ կենդանի՝ 391.0 մլն. դրամ արժեքով, սուբսիդավորման գումարը կազմել է 9.0 մլն. դրամ։ Մեկնարկել է 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը. ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել է 78.9 մլն դրամ արժեքով 1 միավոր վարկ։ Այս ծրագրող վարկերը տրվում են 2%-ով, սահմանապահ գյուղերի բնակիչներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին` 0%-ով:

27. Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` «լիզինգի պետական աջակցության» ծրագրով 2019 թվականին 210 շահառուի տրամադրվել է 357 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 157 միավոր տրակտոր, 4 միավոր կոմբայն, լիզինգի գումարը կազմել է 1.7 մլրդ. դրամ, սուբսիդավորման գումարը՝ 129.5 մլն. դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 1.7 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը։ Այս ծրագրով հնարավոր է ստանալ վարկեր 2% տոկոսադրուքով:

28. Մի շարք գյուղմթերքների արտահանումը 2019-ին էականորեն աճել է 2018-ի նկատմամբ.

Խնձոր – աճը 3240 տոննա կամ 32%

Կեռաս – աճը 1440 տոննա կամ 35%

Արքայանարինջ – աճը 2000 տոննա կամ 96%

Թութ, թուզ, հաղ., մոշ – աճը 700 տոննա կամ 86%

Ելակ, ազնվամորի – աճը 725 տոննա կամ 172%

Բալ, հոն – աճը 150 տոննա կամ 27%

Լոլիկ – աճը 4300 տոննա կամ 23%

Վարունգ – աճը 6600 տոննա կամ 266%

Ծաղկակաղամբ, բրոկոլի – աճը 1500 տոննա կամ 45%

Բողկ – աճը 730 տոննա կամ 58%

Սունկ – աճը 840 տոննա կամ 148%

Պղպեղ – աճը 280 տոննա կամ 47%

Սմբուկ – աճը 600 տոննա կամ 657%

Ձմերուկ, սեխ – աճը 225 տոննա կամ 50%

2019-ը եզակի տարի էր, երբ խաղողի մթերման ժամանակ սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստացվեցին:

29. Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար: Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացումը:

30. 2019թ. սեպտեմբերի 30-ից Հայաստանում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում խաղող և ծիրան մշակաբույսերի համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար։ Գյուղացու ֆինանասական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։

31. Հայաստանից առաքվող փոստային փաթեթների մաքսային զննման ձևակերպման համար սահմանված սակագինը (2250 դրամ) չեղարկվել է՝ հնարավորություն ընձեռելով փոքր և միջին բիզնեսին ավելի արդյունավետ օգտագործել էլեկտրոնային առևտրի և արտահանման հնարավորությունները:

32. Գործարկվել է ներդրումների աջակցման կենտրոնի «Մեկ պատուհան» համակարգը։ Այն Հայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղացի և օտարերկրյա գործարարներին կուղեկցի ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում և կտրամադրի համալիր աջակցություն մի շարք ուղղություններով՝ սկսած տվյալ ոլորտի հնարավորություններից և պայմաններից, մինչև ծրագրի ընթացքում առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքում:

33. 2019 թվականին կառուցվել և հիմնանորոգվել է 350 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն` կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ: 2019-ի պետական նշանակության հիմնանորոգված ավելի քան 350 կիլոմետր ճանապարհը այնքան է, որքան 2015, 2016, 2017 թվականներին հիմնանորոգվածները միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 3 տարում:

34. Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով հաստատվել է 462 սուբվենցիոն ծրագիր՝ 16.3 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով: 382 ծրագրերի շինարարական և սարքավորումների ձեռքբերման աշխատանքներն ավարտվել են։ ՀՀ մարզերի 46 համայնքներում իրականացվել են խմելու ջրագծի վերանորոգման, վերակառուցման, ջրագծի անցկացման, արտաքին և ներքին ցանցի վերանորոգման, մայր ջրատարի կառուցման աշխատանքներ՝ շուրջ 860 մլն. դրամ արժեքով։ 2020 թվականին սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվել է 10 միլիարդ դրամ:

35. ՀՀ մարզերում աղբահանության համակարգում տնտեսվարող սուբյեկտներին ներգրավելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ շուրջ 220%-ով աճել է 2017 թվականի տարեսկզբի համեմատ աղբահանության ծառայությունների մատուցման կնքված պայմանագրերի թիվը։ Սեփական պոտենցիալի հիման վրա զարգացում ապահովելու նպատակով կարողություններ ձևավորելու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով 24 միավորված համայնքներին տրամադրվել է 44 միավոր կոմունալ և 25 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ 1.2 մլրդ. դրամ ընդհանուր աժեքով։

36. Իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցների ձևակերպումները ՊԵԿ հյուսիսային մաքսատուն-վարչություն տեղափոխման գործընթացը, ինչի արդյուքում երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների հոսքը աստիճանաբար վերաուղղվել է դեպի Գյումրի: 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 189.018 հատ ավտոմեքենա, որը շուրջ երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։

37. 2018-ի ընթացքում Կառավարությանը հաջողվել է 2017-ի համեմատ 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, որը նախորդ տարվա տվյալներով գնահատվում է 23.5%, ինչն ամենացածրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում: Ընդ որում, ծայրահեղ աղքատների թիվը 2017-ին արձանագրված 1.2%-ից նվազել է մինչև 1%: Հայաստանում աղքատության մակարդակի անկումը պայմանավորող առավել կարևոր գործոնը եղել է տնտեսության աճը: Պետք է ընդգծել, որ Հայաստանում աղքատության մակարդակի գնահատումն իրականացվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ թվով երրորդ մեթոդաբանության համաձայն, որը կիրառվում է 2009 թվականից սկսած:

42. Երևան քաղաքի 2020-ի բյուջեն եկամտային մասով 2017-ի բյուջեի փաստացի ցուցանիշի համեմատ ավել է լինելու 48%-ով, 2018-ի համեմատ` 56%-ով, իսկ 2019-ի ծրագրայինի համեմատ՝ 30%-ով: Ընդ որում, առաջին անգամ քաղաքի ակնկալվող եկամուտները գերազանցում են 100 միլիարդի սահմանագիծը՝ կազմելով ավելի քան 107 միլիարդ դրամ, իսկ սեփական եկամուտներն ավելանում են 3 միլիարդով (17.5%-ով):

43. Առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիպոթեքային վարկերի պորտֆելի մնացորդը 2017 թվականի վերջին կազմել է 238 մլրդ. դրամ (29 հազար հատ վարկ): 2018 թվականի վերջի դրությամբ հիպոթեքային պորտֆելի մնացորդը կազմել է 285 մլրդ. դրամ (33 հազար հատ վարկ)՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ 20%-ով: 2019 թվականի վերջի դրությամբ հիպոթեքային պորտֆելի մնացորդը կազմել է 393 մլրդ. դրամ (41 հազար հատ վարկ)՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ 38%-ով: Միայն առևտրային բանկերի կողմից 2017 թվականի ընթացքում նոր տրամադրված հիպոթեքային վարկերի ծավալը կազմել է 83 մլրդ. դրամ, 2018 թվականի ընթացքում՝ 101 մլրդ. դրամ, իսկ 2019 թվականի ընթացքում՝ 165 մլրդ. դրամ, այսինքն՝ 2019-ին 2017 թվականի համեմատ հիպոթեքային վարկերի ծավալը աճել է 99%-ով: Վերը նշվածի ներքո, Ազգային հիփոթեքային և Բնակարան երիտասարդներին կազմակերպությունների կողմից տրամադրված ծրագրային հիպոթեքային վարկերը 2017 թվականի ընթացքում կազմել են 16.9 մլրդ. դրամ, 2018 թվականի ընթացքում՝ 17.7 մլրդ. (1817 հատ վարկ), իսկ 2019 թվականի ընթացքում՝ 25.0 մլրդ դրամ (2339 հատ վարկ), այսինքն՝ այս ծրագրով 2019-ին 2017 թվականի նկատմամբ արձանագրվել է 48% աճ: Երևանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին. 2019-ի ընթացքում տրամադրվել է 2612 շինարարության թույլտվություն: 2017-ի համեմատ շինթույլտվությունների քանակն ավելացել է 813-ով կամ 45%-ով, իսկ 2018-ի համեմատ՝ 1132-ով կամ 76%-ով: Բնակարանաշինության ծրագրեր են մեկնարկել նաև հանրապետության այլ քաղաքներում:

44. Էական աճել է հիփոթեքային վարկի տոկոսների վճարման համար ուղղվող ֆիզիկական անձանց եկամտային հարկի վերադարձվող գումարը: 2019 թվականին վարկառուների թիվը դարձել է 2.568, որը 2018-ի համեմատ ավելացել է 64%-ով, 2017-ի համեմատ՝ 180%-ով: 2019թ-ին վարկառուներին վերադարձվել է 7.9 միլիարդ դրամ, որը 2018-ի համեմատ ավել է 69%-ով, 2017-ի համեմատ՝ 227%-ով:

47. 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացել է մինչև 68 հազար դրամ, ինչի արդյունքում միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ: 2020 թվականի հունվարի 1-ից համահարթ եկամտահարկի համակարգի գործարկման արդյունքում շուրջ 272 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրանա: Այս ամենի արդյունքում քաղաքացիների կողմից հավելյալ տնօրինվող գումարի չափը կավելանա ամսեկան 2.5-ից 4 միլիարդ դրամով:

59. Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համար. Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն. խորանարդ մետր ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56 մլն. խորանարդ մետրով: Նման դրական ցուցանիշ չի արձանագրվել 2010 թվականից ի վեր: Օրենքով նախատեսված 170 մլն. խորանարդ մետր ջրից 26,140 մլն խորանարդ մետր պակաս է բաց թողնվել: Օրենսդրական փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար Կառավարությունն Ազգային ժողովին կարող է դիմել միայն այն դեպքում, եթե պաշտոնապես երաշտ է հայտարարել:

60. 2019-ի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2018-ի համեմատ ավելացել է 5.8%-ով: Հատկանշական է, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արևային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.6 անգամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրանքը՝ 2.1 անգամ:

62. 2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500%-ով: Ներմուծող ընկերությունների թիվը աճել է 22.6%-ով (2017-ին 53 ընկերություն, 2018-ին` 65 ընկերություն): Ինչ վերաբերվում է շինափայտին, 2019 թվականի տասը ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի ընթացքում: Իսկ 2017-ի ամբողջ տարվա համեմատ այս տարվա տասը ամիսներին ավել է ներկրվել 77%-ով ավելի շինափայտ, իսկ ներմուծող ընկերությունների թիվը ավելացել է 51.4%-ով կամ 70 ընկերությունով՝ 206 ընկերություն նախկին 136-ի փոխարեն: Այս թվերը նշանակում են, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված Կառավարության քաղաքականությունն արդյունավետ է: Այդ թվում՝ հաղթահարվել են վերը նշված շուկաներում մենաշնորհային դրսևորումները:

63. Վերջին ամիսներին Հայաստանում ընթանում են հնամաշ ավտոմեքենաների թափքերի ուտիլիզացման ակտիվ աշխատանքներ: 2019-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում հավաքվել է շուրջ 21.000 լքված մեքենայի կմախք: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

69. 2020-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու բաղադրատարրը: Նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը:

70. 2019-ի երեք եռամսյակների տվյալներով Հայաստանում բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերում, ինչպես նաև՝ էլեկտրաէներգիայի մատակարարման բարձր լարման և բաշխիչ ցանցերում արձանագրվել է կորուստների մակարդակի էական նվազում: Մասնավորապես՝ բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերում կորուստների մակարդակը 2018-ի համեմատ նվազել է 0.8%-ային կետով, 2017-ի համեմատ՝ 1.8%-ային կետով, իսկ 2016-ի համեմատ՝ 2.5%-ային կետով: Էլեկտրաէներգիայի մատակարարման բաշխիչ ցանցերում կորուստները 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են կրկին 0.8%-ային կետով, 2017-ի համեմատ՝ 1.7%-ային կետով, իսկ 2016-ի համեմատ՝ 3.1%-ային կետով:

77. 2019-ի հոկտեմբերի 6-9-ը «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի» շրջանակներում աշխարհի շուրջ 70 երկրից Հայաստան ժամանեցին ավելի քանի 2500 մասնագետներ, ինչպես նաև 20 երկրներից նախարարական պատվիրակություններ։ Հայաստանը հայտնվեց աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներում` որպես բարձր տեխնոլոգիական երկիր։ Բացի այդ, 2019թ․ վերջին եռամսյակում Կատարում, Սինգապուրում և Ուզբեկստանում տեղի ունեցած տեխնոլոգիական ցուցահանդեսների ընթացքում շուրջ 27 ընկերություններ հանդես եկան հայկական միասնական տաղավարով, որի արդյունքում ստորագրվեցին 9 հուշագրեր, ձեռք բերվեցին 200-ից ավելի պայմանավորվածություններ և ստեղծվեցին ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքների և ծառայությունների արտահանման նոր հնարավորություններ։

81. Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ միանգամից մի քանի բյուջետային ավիաընկերություններ մուտք են գործել հայկական շուկա: Եթե մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ 10 ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար.

Փարիզ Օռլի օդանավակայան, «Transavia»

Վիեննա, «Wizz air»

Վիլնյուս, «Wizz air»

Բեռլին, «Ryanair»

Մեմինգեն (Գյումրիից), «Ryanair»

Հռոմ, «Ryanair»

Միլան, «Ryanair»

Աթենք (Գյումրիից), «Ryanair»

Սալոնիկ, «Ryanair»

Ռիգա, «Air Baltic»

83. «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը երկար դադարից հետո բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Վարկանիշի բարձրացումը շատ կարևոր է այն իմաստով, որ նախ` Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային կապիտալի շուկայից ներգրավել համեմատաբար ավելի էժան փոխառություններ կամ վերաֆինանսավորել եղած վարկերն առավել մատչելի պայմաններով, և երկրորդը՝ վարկանիշի բարձրացմամբ Հայաստանն ավելի վստահելի և գրավիչ է դառնում ներդրողների համար: Օգոստոսին Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել էր նաև «Մուդիզ» վարկանիշային կազմակերպությունը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»։ Միջազգային ֆինանսատնտեսական կառույցների կողմից բարձրացվել են Հայաստանի տնտեսական աճի գնահատականները և կանխատեսումները 2020 և 2021 թվականների համար, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի երկրների համար այդ կանխատեսումները հիմնականում նվազեցվել են: Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար առաջիկա երկու տարում կանխատեսում են մի կողմից արտահանման, ներդրումների ծավալների բարելավում, և մյուս կողմից, որպես դրա արդյունք, աղքատության և գործազրկության նվազում:

85. Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարներից մեկում Հայաստանը անվանել է «Կովկասյան վագր»:

86. Բրիտանական «Legatum» վերլուծական ինստիտուտի՝ 2019-ի Բարգավաճման ինդեքս վարկանիշում Հայաստանը մեկ տարում իր դիրքը բարելավել է միանգամից 7 կետով՝ 167 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: Տվյալ հետազոտության անցկացման 10 տարիների ընթացքում Հայաստանը նման բարձր վարկանիշ երբեք չի ունեցել:

94. 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764.5 մլրդ. դրամ հարկ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 90.7 մլրդ դրամով կամ 13%-ով: 2017-ի հունվար-սեպտեմբերի համեմատ խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի աճը կազմել է 185.5 մլրդ դրամ կամ 32%:

99. Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծություն/կանխատեսումներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով Հայաստանը 2019 թվականին գերազանցել է Վրաստանին և 2020 թվականին կգերազանցի Ադրբեջանին:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88