ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵԼ Է «DIGITEC BUSINESS 2009» ՖՈՐՈՒՄԸ
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» նշանաբանի ներքո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ բացվեց «DigiTec Business 2009» ֆորումը: Ֆորումի նպատակն է նպաստել պետական համակարգում եւ տնտեսության ամենատարբեր ոլորտներում տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ներդրման խրախուսմանը, գործարար միջավայրի զարգացմանը:
«Այսպիսի միջոցառումները չափազանց կարեւոր են առաջին հերթին այն առումով, որ Հայաստանում գործող ընկերություններն այստեղ հանդես են գալիս իրենց նոր պրոդուկտներով, նոր ծառայություններով եւ հնարավորություն ունեն ոչ միայն ներկայացնել իրենց մեկ տարվա առաջընթացը, այլեւ ծանոթանալ եւ տեսնել, թե իրենց գործընկերներն, իրենց մրցակիցներն ինչ աշխատանքներ են կատարել:
Ցուցահանդես այցելողների համար եւս կարեւոր է այս միջոցառումը, քանի որ մի հարթակում հնարավոր է ծանոթանալ տարբեր ընկերությունների հետ, տեսնել, թե ինչ նոր ծառայություններ են նրանք մատուցում եւ դրանցից ընտրություն կատարել»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ այստեղ տեսնում է նոր առաջարկներ, նոր պրոդուկտներ, որոնք կարող են շատ օգտակար լինել հենց կառավարության համար: Այս պրոդուկտները շատ կարեւոր են նաեւ այն բարեփոխումների համար, որ իրականացնում է ՀՀ կառավարությունը կրթական եւ էլեկտրոնային կառավարման ոլորտներում: Տ.Սարգսյանը նաեւ նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել 20 տոկոս աճ, ինչը ճգնաժամի պայմաններում կարեւոր ցուցանիշ է:
Նշենք, որ երկօրյա ֆորումի մասնակից ընկերությունները շուրջ 30-ն են` այս տարի ավելանալով 30%-ով: