
ԱՄՀ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԾԱՎԱԼԸ ԱՎԵԼԱՑՐԵՑ ՄԻՆՉԵՎ 832 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Այսօր գիշեր ԱՄՀ գործադիր խորհուրդը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի ֆինանսական պահանջները բավարարելու նպատակով, որոշում է կայացրել ՀՀ տրամադրվող վարկի գումարը ավելացնել 292 միլիոն դոլարով և 540 միլիոնից հասցնել 832 միլիոնի:
Խորհուրդը նաև հաստատել է Հայաստանին անհապաղ 158 միլիոն դոլարի տրամադրման որոշումը, որից հետո Հայաստանին տրամադրված միջոցների ծավալը կհասնի 400 միլիոն դոլարի:
ԱՄՀ-ից նշում են, որ ՀՀ իշխանությունները, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ընդունված ծրագրի շրջանակներում, պահանջարկը խթանելու նպատակով, ճիշտ դրամավարկային և ֆիսկալ քաղաքականություն են վարում: ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Մուրիլո Պորտուգալը նշել է, որ հավելյալ միջոցների տրամադրումը կօգնի Հայաստանին բավարարելու աճող ֆինանսական պահանջները, իսկ իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականությունը կօգնի ավելի արդյունավետ դիմակայել տնտեսության շարունակվող կրճատմանը: